«Ժողովուրդ». ՔՊ «հնարամիտ եռյակը» որոշել է Հովիկ Աղազարյանի միջոցով պատժել Հայկ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկումը մեծ աղմուկ հարուցեց երեկ, ու թեև նախագիծն անցած տարի ընդունվել է առաջին ընթերցմամբ, ամեն դեպքում, շարունակում է ՔՊ-ականների «կոկորդին» մնալ:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն իր նախագծով առաջարկում է վճարել 15 մլն դրամ և ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Նախագիծը հաջորդ շաբաթ ԱԺ-ում կքննարկվի արդեն երկրորդ ընթերցմամբ:
Իսկ իրականում ինչո՞ւ էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի երեկվա նիստը թեժ և ուղեկցվում էր ՔՊ-ականների միջև լեզվակռիվներով: Իր ոգևորությամբ ու ակտիվությամբ աչքի էր ընկնում հատկապես ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը, որը հայտարարեց, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի:
Նախ արձանագրենք, որ Հովիկ Աղազարյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ չէ, ուստի նրա մասնակցությունն ամենևին էլ պարտադիր չէր այդ նիստին: և ուրեմն ի՞նչ առաքելությամբ էր նա նիստին մասնակցում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Հովիկ Աղազարյանն իրականում հատուկ առաքելությամբ ուղարկվել էր հանձնաժողով ՔՊ խմբակցույթան ղեկավար Հայկ Կոնջորյանի, քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից:
Բանն այն է, որ ՔՊ-ում Հայկ Սարգսյանն արտոնյալ դիրքերում է և այն քիչ պատգամավորներից է, որն անկախ է, չի ենթարկվում ՔՊ վերնախավի քմահաճույքներին, և այն եզակիներից է, որն անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ կոնտակտի դուրս գալու, SMS գրելու հնարավորություն ունի, ինչը խմբակցության՝ խարդավանքներ սիրող վերնախավի համար ցավոտ է, ու չեն կարողանում հաշտվել Հայկի ինքնուրույնության հետ:
Եվ, ահա, ՔՊ «հնարամիտ եռյակը» որոշել է Հովիկ Աղազարյանի միջոցով պատժել Հայկ Սարգսյանին առանց աչքի ընկնելու: Նրանք հրահանգել են իրենց քաղաքական գործիքի համարում ունեցող Աղազարյանին, որպեսզի կռվի մեջ մտնի Հայկ Սարգսյանի հետ, նսեմացնի նրան: Աղազարյանը, որն առաջին ընթերցման ժամանակ նույն նախագծին «կողմ» է քվեարկել, երեկ դեմ էր խոսում: Պետք է սպասել նոր հարձակումների Հայկ Սարգսյանի վրա, որն ինքնուրույնություն ունի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։