Արա Զոհրաբյան. Սրբությունների վրա հարձակումները բոլոր կողմերից է
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, ազգային արժեքների ջատագով Արա Զոհրաբյանն ահազանգում է.
«Եկեղեցու, Ընտանիքի (այդ թվում՝ երեխաների մանկության), Բանակի և վերջապես հայի ինքնության նկատմամբ հայրենի իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված ուժերի կողմից հարձակումներն արձանագրվել են բազմաթիվ դրվագներով: Որոշ բաներ ստացվել է այս իշխանության մոտ, իսկ որոշ բաներ՝ նորից են փորձում:
Եկեղեցին չեն կարողացել գրավել, դեռ բանակը վերջնականապես չեն քանդել, դեռ ստամբուլյան կոնվենցիան չեն վավերացրել, դեռ լանզարոտեի կոնվենցիայի բուն գործիքը՝ երեխաների սեռական կրթությունը չեն գործարկել, դեռ…
Եկեղեցու դեմ գործընթացը նորից սկսել են, արդեն բաց խաղալով և չթաքցնելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կապը այդ գործընթացը գեներացնող տարբեր անձանց հետ: Եկեղեցու հոգևորական վերնախավը՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, ուժեղ են և հանգիստ դիմակայելու են այս հարվածներին: Ավելին, քրիստոնյաների մեծ բազմություն կանգնած է Եկեղեցու կողքին, պատրաստ նահատակության գնով պաշտպանել Եկեղեցին սրբապիղծներից:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի հեռու էր գնացել, հասել էր 7-րդ դասարան՝ հայի ինքնության գիտակցությունը այդ տարիքից վնասելու նենգ նպատակով՝ խեղաթյուրելով և նենգափոխելով Հայոց պատմությունը:
Ցավով արձանագրում եմ, որ իշխանությանը բնորոշ կործանիչ քաղաքականությունը հասել է արդեն 4+ տարեկան երեխաներին:
Այսպես, «ԽաղԱլիք» հեռուստաալիքով ցուցադրվում է «Նիմոնա» մուլտֆիլմը, որն ըստ հեռուսաալիքի 4+ տարիքի երեխաների համար է:
Այս մուլտֆիլմում ներկայացված է նաև երկու հասուն տղամարդու միմյանց համբուրելու տեսարան (տեսանյութը տես ներքևում):
Ցանկանում եմ հիշեցնել, որ օրենսդրությունն այս առումով դեռևս պաշտպանում է երեխաների իրավունքները և շահերը:
Այսպես, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի հինգերորդ մասի համաձայն՝ արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն:
Ակնհայտ է, որ վերը նշված մուլտֆիլմը չի կարող ցուցադրվել երեխաների հասանելիության մակարդակում, քանի որ երկու տղամարդու համբուրվելու տեսարանը վարկաբեկում է ընտանիքը: Ըստ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի կարգավորումների, ընտանիքը ամուսնական տարիքի հասած կնոջ և տղամարդու միություն է:
«ԽաղԱլիք» հեռուստաալիքը պատկանում է «Փի Բի Սի» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ 00151052):
Այսօր դիմում եմ ուղարկել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ «Փի Բի ՍԻ» ՍՊ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար:
Սիրելի հայրենակիցներ, սրբությունների վրա հարձակումները բոլոր կողմերից է: Արթուն կացեք»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան