«Սովորական ցեղասպանություն». Բաքվի հայերի ջարդերի 34-րդ տարելիցն է
34 տարի առաջ այս օրը միջազգային հանրությունն ականատես եղավ Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հերթական ոճրագործությանը։
1990 թ. hունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից:
1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ:
Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքեր:
Բաքվի ջարդերի 25-ամյակին նվիրված ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում իրականացվում է «Բաքվի ողբերգությունն ականատեսների աչքերով» նախագիծը։
«Բաքվում հայերի ջարդերը տեղի են ունեցել երեք փուլով, ինչն ադրբեջանական ԽՍՀՄ կոչված տարածքում բնակվող հայության հանդեպ փուլ առ փուլ իրականացվող ցեղասպանական գործողությունների հերթական փուլերից էին»,- ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Նա նշել էր. «Բոլորս պետք է հասկանանք, որ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ կատարվածը նպատակային, պլանավորված, փուլ առ փուլ իրականացվող ցեղասպանական գործողություն էր: Մինչ այսօր իներցիայի համաձայն կոչում ենք ջարդեր, սպանություններ, այնինչ նույն այն քաղաքականությունն էր, որը Թուրքիան վարում էր 1915 թվականին: Ադրբեջանը նախաձեռնել էր մի գործողություն, ծրագիր, որով պետք է հայության վերջը դներ՝ ավարտեր այն ցեղասպանությունը, որը սկսվել էր Թուրքիայում»:
Հարակից հրապարակումներ`
- Լարիսա Ալավերդյանը՝ Բաքվի ջարդերի մասին
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Այրված մարդու մարմինի հոտը իմ քթից չի անցնում»
- Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. ականատեսների վկայություններ
- Սնեգիրյով. Բաքվի ջարդերը Հայոց ցեղասպանության շարունակությունն էին
- Բաքվի ջարդերը նախապես պլանավորված ու կազմակերպված էին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան