Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթ մուտքը կլինի տոմսով
Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթ մուտքը կարժենա 25 եվրո մեկ անձի համար: Այս մասին հաղորդում է NTV-ն՝ վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը։
Հունվարի 15-ից մզկիթ այցելելը օտարերկրացիների համար կդառնա վճարովի, տոմսերը կվաճառվեն հատուկ տոմսարկղերում։ Գերատեսչությունում կարծում են, որ «այցերի կառավարման» նոր սխեման կկանխի երկար հերթերը։
Թուրքիայի քաղաքացիների համար մզկիթի մուտքը կմնա անվճար։
rbc.ru-ն գրում է, որ Թուրքիայի զբոսաշրջության նախարարը հոկտեմբերի վերջին էր հայտարարել մզկիթ այցելելու համար օտարերկրացիների համար վճարներ սահմանելու մասին։ Նա բացատրել է, որ Թուրքիայի իշխանությունների որոշումը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությունների հետ։Նա վստահեցրել է, որ միջոցառումները միտված են էքսկուրսիաների որակի բարելավմանը և նրանց հարմարավետությանը, ովքեր այցելում են մզկիթ՝ պաշտամունքի նպատակով։
Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 10-ին Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարանը) չեղյալ էր համարել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան վերածելու մասին 1934-ի որոշումը։ Դրանից անմիջապես հետո Էրդողանը հայտարարել էր, որ հրաման է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ նամազ անցկացնելու մասին։
Սուրբ Սոֆիան հիմնադրվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի հրամանով և բացվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Գրեթե 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի գլխավոր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան մզկիթի է վերածել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհը՝ 1453-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ 1930-ին 4 տարով փակվելուց հետո Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել էր թանգարանի, որից հետո ընդգրվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Սոֆիայի մզկիթը հնարավոր է վերանորոգվի
- Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի հատակի սալերը ծանր տեխնիկայից վնասվել են
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն կոչ է անում Թուրքիային զեկույց ներկայացնել Սուրբ Սոֆիայի պաշտպանության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան