Կանչի ընթացքում քաղաքացիների կողմից ծեծի ենթարկված շտապօգնության բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մանրամասներ է ներակայացել քաղաքացիների կողմից «Շտապօգնություն» ՓԲԸ բժշկին ծեծելու դեպքից.
«Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41-ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։
Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։
Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»։