Ազգային գրադարանի՝ գրական տասնյակը
«Մայքլիդիսն ապացուցել է, որ կարող է հեղինակել մեկից ավելի հիթային վեպ։ Նա շուտով կդառնա աշխարհի ամենաազդեցիկ և ընթերցվող հեղինակը թրիլերի ժանրում»։ Ազգային գրադարանի ընթերցողների՝ այս տարվա գրական նախընտրությունը ևս վկայում է Bookreporter.com-ի կանխատեսման իրավացիությունը։
2023-ի ամենաընթերցված գեղարվեստական գիրքը Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» հոգեբանական թրիլերն է։ Հունական ծագմամբ բրիտանացի գրողի մյուս՝ «Լռակյաց հիվանդը» գրադարանի տարվա տասնյակի 3-րդ տեղում է։
Մայքլիդիսի գրականության սիրահարները գիտեն, որ վաղը՝ հունվարի 16-ին, գրախանութներում կհայտնվի գրողի երրորդ՝ «Ցասում» թրիլլերը, որը, «Նյումեգ» հրատարակչության ջանքերով, հայերեն հրատարակվել ու վաճառքի է հանվում անգլերենին զուգահեռ՝ ինչպես աշխարհի շատ այլ երկրներում։ Մայքլիդիս վեպերը թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։
Տարվա լավագույն տասնյակի երկրորդ հորիզոնականում Մարգարետ Միթչելի «Քամուց քշվածները» ստվարածավալ երկհատոր վեպն է, որի համար գրողը Փուլիցերյան մրցանակ է ստացել։ Փուլիցերյան մրցանակակիր ևս մի գիրք՝ Ուիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» նույնպես արժանի տեղ ունի տասնյակում։
2023-ի ամենապահանջված գրքերի տասնյակի հեղինակներից միակ Նոբելյան մրցանակակիրը Կազուո Իշիգուրոն է՝ «Չթողնես ինձ երբեք» սրտառուչ գրքով։
Սրտառուչ գրքերի շարքում տասնյակում տեղ են գտել նաև ժամանակակից գրողներ Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» և Ջոջո Մոյեսի «Ես մինչ քեզ»-ը, կորուսյալ սերնդի երգիչներ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի»-ն և Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի»-ն։
«Երկինքին մոտ» ևս մի գիրք է ներառված տասնյակում. Ագաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ» վեպը։
Քրիստին առհասարակ տարվա ամենաընթերցված հեղինակն է։ Նրան հետևում են Ալեքս Մայքլիդիսը և Էրիխ Մարիա Ռեմարկը։
Սթիվեն Քինգի «Միզերի»-ի գրող հերոսի՝ Փոլ Շելդոնի՝ գրքաստեղծման պահի ապրումները վերաձևակերպելով՝ վարպետորեն հյուսված վերոնշյալ բոլոր պատմություններն ընթերցողի մեջ «պայծառ լույսով ողողված անհայտության գիրկն» ընկնելու զգացողություն են արթնացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան