Խնդիրը կա, բայց կա նաև պետական ծառայությունը թանկացնելու հակվածություն. Ավտոներկրողը՝ պետտուրքը բարձրացնելու մասին
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց կառավարության ներկայացրած օրինագիծը, որով ներկրված տրանսպորտային միջոցի համար մաքսատներում կայանելու պետտուրքի դրույքաչափը օրական 1600 դրամի փոխարեն սահմանվում է 5000 դրամ՝ առաջին 3 օրը թողնելով անվճար։ Ավտոներկրողները ահազանգում են, որ հաճախ, անկախ իրենց կամքից, ներկրվող մեքենաների փաստաթղթերի հետ խնդիրներ են լինում և նորերը ստանալը օրեր է տևում։ Նոր կարգավորումներով իրենք ստիպված են լինելու օրական 5000 դրամ վճարել և պարզ չէ, թե այդ գումարի չափը և թույլատրելի 3 օրը ինչպես է հաշվարկվել։ Panorama.am-ը նոր կարգավորման վերաբերյալ ավտոներկրողների դիրքորոշումը պարզեց Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանից։
«Շատ հաճախ մեքենան բերում և թողնում են մաքսատան պահեստներում և դրանք այնտեղ կարող են օրերով մնալ և դրանք դառնում են ավտոմեքենաների կայանատեղիների։ Հասկանալի է նաև այդ մտահագությունը։ Բայց այդ ոսկե միջինը, թե ինչքան պետք է ավտոմեքենան հնարավորություն ունենա կանգնի՝ 3 օր, թե 3 աշխատանքային օր կամ 5 օր՝ այդ որոշման ներքո ընկած տրամաբանությունը պետք է իշխանություններն ասեն։
Գների բարձրացման համար պետք է հաշվարկ ներկայացնեն, թե ինչու են բարձրացնում 5000 դրամ, այլ ոչ թե, օրինակ, 50 հազար կամ 3 հազար դրամ։
Մենք դրա շահառուն ենք, բայց, ցավոք սրտի դրա տրամաբանության որոշման մեջ ներգրավված չենք և չենք կարող հստակ կարծիք ասել։
Հարցն այն է, որ որոշակի գործառույթները, որ արվում են, պետք է հնարավորինս արագ արվեն, այսինքը՝ եթե փաստաթղթերը սխալ է լրացված, դրանք պետք է ուղղվեն։ Արդյոք այդ 3 օրը բավարար է դրանք ճշտելու և հետ բերելու համար, ենթադրաբար՝ միջինում բավարար է լինում, մյուս կողմից կարող է դեպքեր լինեն, որ բավարար չլինեն, բայց օրենքով բոլոր դեպքերը չես կարող նախատեսել։ Մեկին 3 օրը բավարար կարող է լինել, մյուսին 30 օրն էլ բավարար չլինի, քեյսերը կարող են շատ տարբեր լինել։
Մեր խնդիրն այն է, որ այդ ոլորտը հնարավորինս կարգավովի, ցավոք սրտի ավտոմոբիլային ոլորտում շատ ավելի կարևոր հարցեր կան, քան դա է։ Սա դրանց մի մասն է, բայց մենք չենք էլ մասնակցել այդ նախագծի քննարկմանը, բայց շահառու ենք, ինչպես որոշեն այնպես էլ շարժվելու ենք առաջ։
Նաև պետք է հաշվի առնել, որ շատ անհասկանալի տեղերից էլ են մեքենաները ձեռք բերում, նաև՝ առանց փաստաթղթերի և մաքսային ծառայությունը չի կարող անվերջ որպես կայանատեղի ծառայել։
Այս խնդիրն ավտոշուկայի մի մասն է, կա տեխնիկական սպասարկումը, շահագործումը, տեխզնումը։ Այդ ոլորտում շատ այլ խնդիրներ կան, որոնք բոլորիս առողջութնան ու կյանքին են առնչվում, քան մաքսային պահեստներում մեկ կամ երկու օր ավել պահելը։ Այն կարևոր է, բայց ոչ առաջնայինը։ Խնդիրը կա և հակվածություն կա նաև պետական ծառայությունը թանկացնելու, բայց դրա հիմքում թե ինչ է ընկած՝ պետական մարմինները պետք է ասեն»,- արձագանքեց Արտյոմ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա