Ասում եք՝ հոպ ախպեր, 2,5 մլն վճարի,թե չէ քեզ կտանենք բանակ․ Գեղամ Մանուկյանը՝ օրենքի նախագծի մասին
ԱԺ-ում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը ենթարկվել է արմատական փոփոխության։
«Եթե առաջին ընթերցման ժամանակ խոսքը 27 տարին լրացած, ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիների թնջուկը լուծելն էր, ապա այստեղ ավելացել է ևս մեկ կետ , որին հիմա Կառավարությունը դեմ է ։ 27 տարին լրացած անձը , որը դառնում է ՀՀ քաղաքացի, 2,5 մլն պետք է վճարի՝ բանակ չգնալու համար։ Մենք սահմանադրականության խնդիր ունենք ։ Դիցուկ՝ ազգությամբ ֆրանսիացին ամուսնացել է ՀՀ քաղաքացի աղջկա հետ, սիրում է կնոջը և հանուն նրա գալիս է ՀՀ քաղաքացիություն է ստանում, ասում եք՝ հոպ ախպեր, 2,5 մլն վճարի,թե չէ քեզ կտանենք բանակ»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց Մանուկյանը՝ հավելելով․
«Մեկ այլ խնդիր․ ՀՀ 27-ը լրացած քաղաքացին , որը պետք է 15 մլն վճարի ՝ ծառայությունից ազատվելու համար, Սահմանադրական դատարան է մտնում, որովհետև ՀՀ երկու քաղաքացի չեն կարող տարբեր իրավունքներ ունենալ, անհավասարություն չի կարող լինել ՝ անկախ նրանից 18 տարեկան է, թե 27-ից հետո ՀՀ քաղաքացի դարձել»։
Պատգամավորն իր խոսքում մի դրվագ էլ Կառավարության գործելաոճից ներկայացրեց․ «Բոլոր հարցերում Մհեր Գրիգորյանը համաձայնել է իրենց հետ ,թեև ՊՆ ասում է՝ վերապահում ունի։ Մի քիչ վախենում եմ՝ Մհեր Գրիգորյանին սահմագծման ու սահմանազատման էդ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հանեք, թե չէ գնալու է Ադրբեջան ամեն ինչում համաձայնվի»։