Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍ-ի մոտ։ Նրանք պահանջում են, իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
Ռեժիսոր, բեմադրիչ, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջը. «Մեր տունը չքանդեն, մեր աշխատելու իրավունքը մեր ձեռքից չխլեն, մեր ազատությունը մեր ձեռքից չխլեն, մեզ իրենց ասած լավությունը պետք չէ։
Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով։ «Գոյ» թատրոնը հերթական քանդման առարկան է, արվեստի օջախն է իրենց համար։ Մեր պահանջն է՝ ազատ ստեղծագործենք մեր հայրենիքում, մեզանից հայրենասիրության զգացմունքը չխլեն։ Արգելվում է մեր կողմից, մեզ խելք չսովորեցնեն»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ այսօր ԿԳՄՍ նախարարություն են կանչել թատոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին, հաշվապահին, կադրերի բաժնի տեսուչին, որպեսզի ստորագրեն միացման պայմանագիրը, այսինքն՝ «մենք համաձայն ենք միավորվել Սունդուկյանի անվան թատրոնի հետ»։
«Դա իրենց պլանն է, մենք մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ, մենք ուրիշ ստորագրություն դնելու չունենք։
Մենք ծառայում ենք այդ թատրոնում, դա մեր տունն է, մենք պատրաստ չենք մեր տունը հանձնել։
Մենք եկել ենք հանուն օրենքի ակնկալում ենք օրենքի գերակայություն»,- ասաց Ա. Սահակյանը։
Հիշեցնենք, «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն վարչական դատարանից գործը քաղաքացիական դատարան է տեղափոխվել։ Սակայն վարչական դատարանը հայցը վերահասցեագրել էր քաղաքացիական դատարան։ Քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն էլ որոշել է, որ դա քաղաքացիական գործ չէ, վարչական դատարանի գործն է, դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի գործը հետ ուղարկվի վարչական դատարան։ «Գոյ» թատրոնի լուծարման վերաբերյալ կառավարության որոշման դեմ հայցն այժմ վճռաբեկ դատարանում է։
«Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանն ասաց, որ այսօր հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի ժամանակ պետք է ստորագրվի թատրոնի փոխանցման ակտը ու միացման պայմանագիրը։
«Մենք եկել ենք այստեղ ասելու, որ որևէ գործողություն մինչև դատարանի կողմից որոշում կայացնելը, հակասում է նոր օրենսդրությանը»,- նշեց փաստաանը։
Արթուր Սահակյանն ասաց, որ թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանը հայտնի է իր ստերով. «Նա երդվեց, ասաց՝ հող ու ջրի մարդ է, դավաճան չէ, սակայն եթե ստորագրելու չլիներ այդ, չէր գա այսօրվա նիստին․ նրան երեկ հարցրել են՝ ստորագրելո՞ւ է այդ այտը, նա ասել է, որ ստորագրելու է»։
ԿԳՄՍ նախարարությունում նիստից հետո փաստաբան Կարո Ասատրյանը հայտնեց, որ հանձնաժողովին ու փոխնախարարին իրազեկել է դատարանների որոշումների մասին, մինչդեռ անակնկալ կերպով իրեն ներկայացվել է թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանի ստորագրած ու կնքած փաստաթուղթ, որով «Գոյ» թատրոնը հրաժարվում է որպես փաստաբան իր ծառայություններից։
«Սա ազնիվ չէ։ Իրավաչափությունը կվիճարկենք դատարանում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ