Ճանճերի պես հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ դիվիդենտներ շահեին, չի ստացվելու. Ավինյան
«Ինձ էլ դիմեցին տարբեր մարդիկ, թենիսի սիրահարներ, մարդիկ, որոնք ամեն օր այնտեղ պարապում են։ Ես ուզում եմ նշել, որ ներկայացված ծրագիրը թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ։ Օղակաձև այգին Փոքր Կենտրոնի, կարելի է ասել, միակ կանաչ տարածքն է, հետևապես Օղակաձև այգու փուլային վերականգնումը որպես գերակա հանրային տարածք մեզ համար գերակայություն է ու առաջնահերթություն»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ծրագրի վերաբերյալ հնչած քննադատություններին, արձագանքներին։
Նրա խոսքով, ծրագիրը վերաբերում է այդ տարածքում տեղակայված տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին, որոնք վերանալու են։
«Թենիսի մասին կարող եմ ասել, ես ինքս, 96 թվականից մինչև եթե չեմ սխալվում 2002 թվականն «Արարատ» ակումբում պարապել եմ։ Դա իմ ամենասիրելի վայրերից մեկն է Երևանում։ Բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ հանրային գերակա շահի։ Թենիսի ակումբը միանաշանակ պետք է վերակառուցվի, հասանելի լինի այն բոլոր անձանց, ովքեր պարապում են, բայց դրա տեղակայման դիրքը պրինցիպիալ կարևոր չէ»,-ասաց նա։
Ավինյանի խոսքով, «Արարատ» ակումբին կտրամադրվի տարածք վերակառուցման համար, ապահովելու են, որ այն գործի։
«Պետք է նախ տեղափոխենք կորտերը, ապա քանդենք։ Երևանում բազմաթիվ այգիներում նման աշխատանքներ իրականացվում են։ Այս այգում էլ մեկ տասնյակից ավելի շենք շինություններ պետք է քանդվեն, որպեսզի հանրային տարածքը վերադարձվի երևանցիներին։ Այս առումով քանի որ աղմուկը շատ էր, բոլոր տեսակի պսևդո մասնագետներ սկսեցին խոսել էս թեմայի վերաբերյալ՝ կանաչապատման, բիզնեսի պսևդո մասնագետներ, մամուլը կամ ավելի շուտ դեղին մամուլը սկսեց անդրադառնալ այս հարցերին, հասանք այն աստիճանի գնահատականների, որ սա կոռուպցիա է »,-ասաց Ավինյանը։
Նրա խոսքով, սա սոցիալական ծրագիր է, նման ծրագրերը ողջունելի են։
«Որքան էլ ես չսիրեմ «Արարատ» ակումբը, որքան էլ իմ մանկության հուշերը կապված չլինեն դրա հետ, գնդակները որ ընկնում էին Գետառ, ընկեր Վիլիկին երջանկահիշատակ, այնուամենայնիվ Օղակաձև այգին միակ հանրային տարածքն է, որը Փոքր Կենտրոնն ունի։ Այդ տարածաքը բոլոր հատվածներում պետք է վերականգնվի որպես հանրային այգի։ Թենիսի կորտերի խնդիրը մենք կլուծենք։ Բոլոր մնացածին, որոնք ճանճերի պես հավաքվել էին այս թեմայի շուրջ, որ որոշակի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեին, ես ցավով պետք է նշեմ, կարծում եմ, դա չի ստացվելու»,-ասաց նա։