ՔԿ-ն Տիրան Խաչատրյանի գործով նոր մանրամասներ հայտնեց
Քննչական կոմիտեն գեներալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ հայտնի միջադեպի գործով քիչ առաջ նոր մանրամասներ հրապարակեց։
Ըստ այդմ, 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։
Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է։
Քրեական օրենսգրքի 297 հոդվածը վերաբերում է խուլիգանությանն ու սահմանում.
1. Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ կամ
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է
- Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի նախաքննությամբ ձերբակալվել է 5 անձ․ ՔԿ
- Տիրան Խաչատրյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել. Փաստաբան
- Փաստաբան. Գործի քննությունը ցույց կտա, որ որևէ խուլիգանական արարք Տիրան Խաչատրյանը թույլ չի տվել
- Տիրան Խաչատրյանը բերման է ենթարկվել. Մանրամասներ
- Բան չունեմ ասելու.Տիրան Խաչատրյան