Ու էդպես զենքերը դրեցինք․․․Խուճապը մարդկանց մեջ ավելի սաստկացավ․․․ ․Ննգիի գյուղապետ
Արցախի վրա ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ Մարտունու ու Ասկերանի տարբեր բնակավայրերից շուրջ 1500 մարդ տարհանվել էր Ննգի։ Մարտունու շրջանի այդ ոչ մեծ գյուղի ամեն տանը տարհանված երեխաներ ու կանայք էին Ճարտարից, Մաճկալաշենից, Թաղավարդից, Կարմիր Շուկայից, Սարուշենից և այլն։
«Մենակ մեր տանը 20 հոգի կային։ Առաջնահերթ փոքր երեխաներ ունեցող կանանց ենք տներում տեղավորել, մնացածները՝ ավելի քան 300 հոգի, դպրոցի շենքում էին, չնայած դպրոցից 300 մետր հեռավորության վրա թուրքն էր նստած։ Մարդիկ չգիտեին, որ սա 2020թ․ պատերազմը չէ։ Այս անգամ գյուղը շրջափակել էր թշնամին։ Ամսի 19-ի գիշերը Ննգիից 5 կմ հեռավորության վրա գտնվող «Ծառըխ» կոչվող բարձունքն ադրբեջանցիները վերցնում են ու նստում գյուղի գլխին։ Գյուղի հետևի բարձունքները ևս արդեն նրանց հսկողության տակ էին․ Մյուրիշենի ու Հարավի կողմից եկել, հասել էին մեր գյուղին։ Այսինքն՝ բոլոր կողմերից շրջափակված էինք, միայն դեպի Մարտունի տանող ճանապարհն էր բաց»,-«Փաստինֆո»-ին պատմել է Ննգիի գյուղապետ Զարմիկ Քամալյանը։
Այդուհանդերձ, իրենց բնակավայրերից տարհանված գյուղացիները 2-3 օր մնում են Ննգիում։ Երբ ՊԲ-ն զինաթափվում է ու դիրքերից իջնելու հրաման է տրվում, մեծ մասը վերադառնում են տները։ Կրկին Ննգի են հասնում այն ժամանակ, երբ պարզ է դառնում, որ բոլորը հարկադրված պիտի դուրս գան Արցախից։
«Նախագահ Շահրամանյանը դրանից առաջ ասում է, որ պետք է ապրենք այնպես, ինչպես խորհրդային տարիներին էր։ Նրա ասելով՝ ադրբեջանցիներն ահագին հետ էին գնալու։ Որ հրաման եղավ դիրքերից իջնելու ու զենքերը հանձնելու, մեր վարչակազմի ղեկավարը դեմ էր, ասաց՝ չիջնեք։ Նախագահն էլ ասաց, որ եթե էդ մարդկանց հետ մի բան լինի, այսինքն ադրբեջանցիները կոտորեն, ո՞վ է պատասխան տալու․․․ Ու էդպես զենքերը դրեցինք․․․Խուճապը մարդկանց մեջ ավելի սաստկացավ այն ժամանակ, երբ արդեն զինաթափված էր ՊԲ-ն, իսկ ՀՀ-ից էլ տարբեր մարդիկ զանգում ու իրենց ծանոթներին, բարեկամներին ասում էին, թե խոսակցություններ կան, որ 30-40 հազար հոգու չեն թողնելու դուրս գան Արցախից, ինչքան կարող եք, շուտ դուրս եկեք․․․ Մարդիկ լրիվ խուճապահար վառելիք էին պահանջում, ու էլ ոչ մեկը չէր սպասում, որ տեսնենք՝ ինչ ենք անում։ Ես էլ ստիպված էի մի քանի ժամվա մեջ կազմակերպել, բենզին գտնել»,-պատմել է գյուղապետը։
Թշնամու դեմ անզեն մնացած, կիսասոված վիճակում հարևան գյուղերի բնակիչները նորից Ննգի են հասնում։ Այնտեղից արդեն վերջնական դուրս են գալիս Արցախից։
«Այն մի քանի օրը, որ շուրջ 1500 մարդ կար գյուղում, սնունդ մի կերպ էինք հայթայթում․ ում տանն ինչ կար, հանել էր, հարևան գյուղերից մարդիկ գնում բերում էին։ Բայց, մեկ է, ահավոր էր վիճակը․ մարդ կար, որ 2-3 օր հաց չէր ուտում, քանի որ չկար, մի կերպ երեխաներին էին փորձում բավարարել․․․»,-ասել է Քամալյանը։
Այս ամենով հանդերձ, մարդիկ լիահույս էին, որ հրադադար կլինի ու նորից կկարողանան վերադառնալ իրենց տները։ Սովը, պատերազմի արհավիրքը փոքր ինչ մեղմում էր հենց այդ միտքը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։