ՊԵԿ-ը՝ Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպի վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է «Բավրայի մաքսակետում քաղաքացուն ծեծի ենթարկելու» թեմայով հրապարակումներին։
«Քաղաքացի Լ.Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ, վերջինս և ուղեկցող անձինք լինում են ոչ սթափ վիճակում՝ դրսևորելով ոչ հարիր և ագրեսիվ վարքագիծ։ Նման վարքագիծ վերջիններս դրսևորում են միտումնավոր՝ հայտարարագրման ենթակա ապրանքները քողարկելու նպատակով։
15.01.2024թ. վերոնշյալ քաղաքացին և ուղեկցող ևս 7 քաղաքացի՝ որոնցից 2-ը իգական սեռի, մուտք են գործել մաքսային հսկողության գոտի ոչ սթափ վիճակում՝ ոչ ադեկվատ և ագրեսիվ պահվածքով։
Տևական ժամանակ այլ քաղաքացիների ներկայությամբ հնչեցրել են հայհոյանքներ, փորձեր են կատարել վնասել պետական գույքը, խաթարել են մաքսային կետի բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջներին։
Նշված անձանց կարգի հրավիրելու և իրավիճակը վերահսկելի դարձնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո՝ մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության գոտուց դուրս են հրավիրվել, որի ընթացքում նշված անձը ցուցաբերել է դիմադրություն:
ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ ծառայողական քննությամբ դեպքի համակողմանի քննության նպատակով»։
Հիշեցնենք, որ այսօր գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն ահազանգել էր.
«ՀՀ քաղաքացին ծեծի մատերիալ է․ Քիչ առաջ ինձ է դիմել քաղաքացի Լ.Գասպարյանը, ժամեր առաջ հայ֊վրացական սահմանը Բավրայի անցակետով անցնելիս՝ ենթարկվել է մաքսատան աշխատակիցների կողմից դաժան ծեծի.. Ըստ նրա, ընտանիքը մի քանի կգ սննդամթերք է ունեցել մեքենայի մեջ, որի շուրջ սկսվել է վեճ, ընթացքում մաքսատան աշխատակիցները, ըստ Լ.Գ֊ի, մոտ 25 հոգով (բացառությամբ հերթափոխի պետից) հարվածել են սկզբում նրա 65 ամյա հորը, ապա եղբորը, հետո իրեն…Մեքենայում եղել են նաև անչափահաս երեխաներ, Լ.Գ֊ն երրորդ կարգի հաշմանդամ է Այժմ զբաղված եմ ընտանիքին իրավական աջակցություն ցուցաբերելու գործով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները