Զինծառայությունից խուսափածներն այսուհետ գումարի դիմաց չեն դատվի
Ազգային ժողովն 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից՝ վճարելով գումար։
Նախքան քվեարկությունը ունեցած ելույթում Հայկ Սարգսյանն ընդդիմադիր պատգամավորների համար մի քանի հիմնավորում ներկայացրեց, թե ինչու պետք է կողմ քվեարկեն իր նախագծին.
«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով զինված ուժերում և/կամ գումար վճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե քաղաքացին ծառայի 2 տարի, նա որևէ գումար չի վճարի, եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել՝ նա ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2004 թվականին ընդունված ու Սերժ Սարգսյանի նախագահությամբ 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝ ազատվելով պատասխանատվությունից։ Ձեր ժամանակ մեկ զորակոչին չներակայցած չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իմ առաջարկած տարբերակով՝ 15 միլիոն դրամ։
Այս նախագծով լուծվում է հաշվառման չկանգնած քաղաքացիներին հաշվառման տանելու հարցը։
Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հաշվառման չեն կանգնում մինչև իրենց 27 տարին լրանալը, հետևաբար, չեն ծառայում։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ նրանք բոլորը ներկայանում ու հաշվառման են վերցվում 27 տարին լրանալուց հետո՝ ազատվելով ծառայելու պարտավորությունից։
Նախագծի ընդունման դեպքում նրանք նույնպես պարտավոր կլինեն ծառայել թե անգամ հաշվառման վերացվեն 27 տարին լրանալուց հետո։ Այս փոփոխությունը նույնպես կամալրի զինված ուժերի շարքերը և լրացուցիչ ֆինանսական մուտքրե կապահովի պետական բյուջե։
Ներկայում այն անձինք, ովքեր մինչև հավառման վերցվելը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից ու ՀՀ քաղաքացիություն են ստանում 27 տարին լրանալուց հետո, չեն ծառայում ու ազատվում են ծառայության պարտավորությունից։ Նաև այն անձիք, ովքեր դիմում ու ստանում են ՀՀ քաղաքացիություն 27 տարին լրանալուց հետո, նույնպես չեն ծառայում։
Սա անարդարացի կարգավորում է։ Օրենքի ընդունմամբ այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայել կամ գումար վճարել պետական բյուջե»։
Նա ընդգծեց, որ իր թվարկած հիմնավորումներին չեն կարող բերել որևէ հակափաստարկ, որն իր հետ բանավեճում կյանքի իրավունք կունենա։
«Պետության շահն ասում է՝ այս օրենքին կողմ պետք է քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը։ Այսպիսով՝ սիրում ես հայենիքդ, կողմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նախքան քվեարկությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Նախ ասեմ՝ Հայկ Սարգսյանի հետ հեռավար արդեն պայմանավորվել ենք, բանավեճի պատրաստ եմ ցանկացած ֆորմատով։
Ուզում եմ քվեարկությունից առաջ պատգամավորներին հիշեցնել, որ հարակից զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այս ամբիոնից հայտարարեց, որ ՊՆ վերապահում ունի, դեմ է Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքի նախագծի կոնկրետ մի կետին, որը վերաբերում է 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ստանալուն»։
Նախագծում նշված է. «Համաձայն գործող օրենսդրության (մասնավորապես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք))՝ 18-ից 27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ՝ ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում եւ իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ: Եթե միչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:
Օրենքով սահմանված 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը:
Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:
Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,
5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն ՀՀ դրամ:
Բացի այդ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խումբի ՀՀ քաղաքացիների միջեւ՝ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:
Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում, կամ՝ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Ասում եք՝ հոպ ախպեր, 2,5 մլն վճարի,թե չէ քեզ կտանենք բանակ․ Գեղամ Մանուկյանը՝ օրենքի նախագծի մասին
- Այսօրվա 18 տարին չլրացածը կմտածի՝ մինչև 27 տարեկանը խուսափի բանակից, ապա գումարի դիմաց ազատ արձակվի. Մանուկյան
- Օրենքի նախագիծը ոչ թե բանակում չծառայելու հնարավորություն է տալիս, այլ չդատապարտվելու. Հայկ Սարգսյան