Այդ մարդն այդպես էլ ասֆալտի ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացավ. Կյուրեղյան
«Հունվարի 4-ին և 5-ին մենք բոլորս դիտեցինք վարչապետի աթոռը պինդ գրկածի էժանագին շոուների շարքից երկու նոր արար։ Այդ մարդն այդպես էլ ասֆալի ու պատին ծեփելու մակարդակից չբարձրացավ»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Ըստ նրա, Փաշինյանին թվում է, եթե պոկվող կախիչի ու ցնցուղի համար մարդկանց ազատի աշխատանքից, ապա հանրությունը կների իրեն ամեն ինչ՝ հայրենի Արցախի հանձնումը, հայրենիքի սահմաններից ներս թշնամու ներխուժումը հանդուրժելը, հազարավոր երիտասարդների մահը։
«Չի ներվելու»,- նշեց նա։
Ա. Կյուրեղյանի խոսքով, սպորտդահլիճի կամ դպրոցի շինարարության վրա ուշադրություն դարձնողը մոռանում է կամ չի էլ հասկանում, որ դպրոցաշինությունը համալիր մոտեցում է պահանջում։
«Առաջին հերթին դա որակյալ կրթության համար անհրաժեշտ դպրոցական ծրագրեր են, մանկավարժների համարժեք մակարդակի ապահովումը։ Ինչ որ կախարդական հոտառությամբ կամ կոնկրետ հուշումով դպրոցում պոկվող կախիչի տեղը գուշակողը, ցնցուղի անորակությունն արտաքինից հասկացողը չի կարող չտեսնել, որ այսօր իր ղեկավարած կառավարությունը քանդում է կրթական համակարգի կարևոր հենասյուները։ Կամավոր ատեստավորման անվան տակ իրականում իրականացվում է պարտադիր ատեստավորում, քանի որ առաջին ատեստավորումը չանցնելու դեպքում պարտադիր վերաատեստավորվելուց ու բավարար արդյունք՝ 60 տոկոս, չունենալու դեպքում ուսուցիչն ազատվում է աշխատանքից։ Այստեղ խնդիրը ոչ 60 տոկոսն է, ոչ առաջադրանքների բարդությունը, այլ հարցերի, ենթահարցերի քանակի, դրանց լուծման համար բավարար ժամանակի ու ատեստավորման համար տրամադրված ժամանակի անհամարժեքությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ կամավոր ատեստավորման համար առաջինը դիմում են իրենց մասնագիտական ոլորտում համեմատաբար առավել կայացած, իրենց առարկան տիրապետող ուսուցիչները։
«Երբ համեմատում ենք դիմած ու ատեստավորված ուսուցիչների թվերը, տեսնում ենք, որ շատերը չեն ատեստավորվել ու ենթակա են աշխատանքից ազատվելու։ Դա շատ դեպքերում ժամանակի անհամարժեքության պատճառով։ Փաստորեն, աշխատանքից ազատվում են մասնագիտական համեմատաբար բարձր որակ ունեցողները։ Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ դպրոցները լավ ուսուցիչներից զրկելու գործընթաց։
Հիմա հարց՝ սա անկարողությո՞ւն է, թե՞ հատուկ ծրագրով կրթական համակարգը քանդել։ Նորից ու նորից պնդում եմ՝ այս իշխանությունները եկել են երկիրը քանդելու հատուկ ծրագրով, բայց լավ իմացեք՝ դա ձեզ չի հաջողվելու, դա դուք չեք մարսելու»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանն իր «կախիչ-դուշ» շոուով մի այլ կարգի է «բռնել» մարզպետների վախը
- Մտածում ենք պոկված կախիչի մասին, չենք մտածում, թե ի՞նչ կմտածի 2-րդ դասարանցին դասագիրք չունենալու մասին. Սերոբ Խաչատրյան
- Գնալ կախիչ քանդել, զուգարան, աղբի դույլ նայել՝ սա էժան պոպուլիզմ է.Արթուր Խաչատրյան
- Փաշինյանը ներվայնացած գնդակով հարվածում է պատին, պոկում կախիչը