«Ինչո՞ւ եք այդքան վախեցած... անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան». Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
«Մենք լսեցինք ձեր կողմից կիրթ, կառուցողական որակում ստացած Ալիևի հարցազրույցը, ագրեսիվ էր, լսեցինք ձեր խեղճ ու կրակ պատասխանը, ինչո՞ւ եք այդքան վախեցած»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը այս հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց, որ թեև Ն. Փաշինյանը արձանագրում է՝ Ալիևը հայկական կողմի բոլոր առաջարկները մերժում է, բայց հիմա նոր բան է առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։
«Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թույլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու։ Չեք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»,- ասաց Լ.Քոչարյանը։
Քոչարյանի հարցադրումների ընթացքում ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից արձագանքել։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը լռության կոչ արեց։
«Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, Հայաստանի Հանրապետության ընտրված ղեկավարն է, հասկանում եմ եզակի դեպք է, ձեր համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի նման իրավիճակ դահլիճում չլինի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Մինչև Նիկոլ Փաշինյանը կմոտենար ամբիոնին՝ Ալեն Սիմոնյանը դիմելով Լևոն Քոչարյանին՝ ասաց.
«Պարտվածը դուք եք այս պահին»:
Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խորհուրդ կտամ ձեզ հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձել հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, գուցե որոշակի դիտումներ և հետաքրքրություն առաջացնի։
Բայց ուզում եմ հիշեցնել, որ դուք դպրոցական հանդեսում չեք, ԱԺ-ում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Սա ևս ձեզ հորդորում եմ, հույս ունեմ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»։
Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Այստեղ մենք ձեզ կարող ենք հորդորել, որ որպես երկրի ղեկավար՝ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատու, այստեղ այս մանկական բաներով չզբաղվի ու ինձ ինչ-որ բաներ չհորդորի։ Ես հստակ ձևակերպել եմ իմ ասելիքը։ Թշնամի երկրի ղեկավարը խոսում է ինչ- որ բաներից, որին շատ թույլ, խղճուկ պատասխան է լինում, ինչ-որ անհասկանալի առաջարկ»։
Փաշինյանն ասաց. «Առաջընթացն ակնհայտ է, որովհետև հարցի երկրորդ մասում առնվազն որոշ բաներ հասկացաք»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի. Լևոն Զուրաբյան
- Մենք ասել ենք՝ «Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստան են», Ալիևն էլ հայելային կրկնում է «Էրիվանի», Սևանի մասով. Սիմոնյան
- Փաշինյանի շուրթերով արձանագրում էր այն մասին, որ Ադրբեջանն Արցախով չի բավարարվել. Սաղաթելյան
- Փաշինյանը նոր առաջարկ արեց Բաքվին
- Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր. Փաշինյանը՝ ի պատասխան Ալիևի հայտարարության
- Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին. Փաշինյան
- Երբ որ Ալիևն ուզի, «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի, հայկական կողմը խնդիր չունի. Քրիստինե Վարդանյան
- Ալիևի խոսքում կար թելադրանք, պարտադրանք և այն ուղղված էր Հայաստանին. Վահագն Մելիքյան
- Գայթակղիչ առաջարկ է․ Քոչարյանը՝ Ալիևի հայտարարության մասին
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին