Վենետիկի Դոժերի պալատում կներկայացվի միջադարյան Հայաստանին վերաբերող ավելի քան 30 ցուցանմուշ
Հայաստանի պատմության թանգարանը 2023-ին ակտիվ գործունեություն է ծավալել, այդ մասին են վկայում արձանագրված ցուցանիշները. 78 հազարից ավելի այցելու, երեք տասնյակ ցուցադրություններ, հրատարակություններ... Ասուլիսում ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
«Փորձ է արվում թանգարանն ավելի նոր մակարդակի բարձրացնել, զարգացնել գործունեության տարբեր ուղղությունները։ Մեր արդի գործունեությունն ուղղված է այցելուներին հնարավորինս շատ հնարավորություններ ընձեռել թանգարանում հաղորդակցական, փորձարարական տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։ Իհարկե, դեռ շատ անելիքներ կան»,- ասաց նա։
2023 թվականին Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն, համալրվելով շուրջ 3000 նմուշով, հատել է 400 հազարի սահմանը։ Դ. Պողոսյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի փոքր լաբորատորիայում 1800-ից ավելի առարկա է վերականգնվել ու ամրակայվել։
«Պահպանության գործի համար շատ կարևոր է լայնարձակ, կարևոր սարքավորումներով, տեխնիկայով ապահովված վերականգնման լաբորատորիաները։ Այս առումով աշխատանքներ տարվում են ըստ եղած հնարավորությունների»,- ասաց Պողոսյանը։
Նա հայտնեց, որ այս տարի նախատեսում են շատ հետաքրքիր ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։
«Ապրիլին Վենետիկի Դոժերի պալատում ցուցահանդես է բացվելու՝ նվիրված Մարկո Պոլոյին, այն ունենալու է հայկական հատված։ ներկայացվելու են 30-ից ավելի նմուշներ, հատկապես միջադարյան Հայաստանից։ Այսինքն ներկայացվելու է այն Հայաստանը, որը, ենթադրաբար, հենց Մարկո Պոլոն է տեսել»,- նշեց նա։
Դ. Պողոսյանը նաև ասաց, որ հատուկ համագործակցության հետաքրքիր գործընթաց է ընթանում Բրիտանական թանգարանի հետ և այս տարի հետաքրքիր անակնկալ են ունենալու հայ այցելուների համար։
«Մենք արդեն շարունակելու ենք համագործակցությունը նաև Հայաստանի պատմության թանգարանում։ Այսինքն, մենք խնդիր ենք դրել ոչ միայն նմուշներ ցուցադրել այլ թանգարաններում, նաև կարողանանք մեր թանգարան եկող այցելուների համար ցուցանմուշներ ներկայացնել արտերկրյա շատ հայտնի թանգարաններից»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։