Պակիստանն Իրանին զգուշացրել է ծանր հետևանքների մասին
Պակիստանը խստորեն դատապարտել է Իրանի մահացու հրթիռային հարվածներն իր տարածքում՝ այն որակելով որպես «չպատճառաբանված խախտում»։ Հիշեցնենք, որ հարվածների հետևանքով երկու երեխա է զոհվել։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, իրանական կողմը հայտարարել է, որ կիրառել է «ճշգրիտ հրթիռներ և անօդաչու սարքեր»՝ ոչնչացնելու համար Պակիստանի հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգի «Ջեյշ ալ-Ադլ» սուննի զինյալ խմբավորման երկու հենակետերը, որոնք Իրանում հայտնի են որպես Ջեյշ ալ-Դհուլմ:
Հարձակումը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում Իրանի կողմից հրթիռների արձակումից հետո։
CNN-ի փոխանցմամբ, Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր տարածքում հարձակման հետևանքով զոհվել է «երկու անմեղ երեխա» և Իրանին զգուշացրել է «լուրջ հետևանքների» մասին։
«Առավել մտահոգիչ է, որ այս անօրինական գործողությունը տեղի է ունեցել՝ չնայած Պակիստանի և Իրանի միջև կապի մի քանի ուղիների առկայությանը», - ասել է Պակիստանի ԱԳՆ-ն։
Աղբյուրը նշում է, որ հարվածից հետո միջուկային զենք ունեցող Պակիստանը «ուժեղ բողոքի» նոտա է հղել Իրանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով՝ ընդգծելով, հետևանքների պատասխանատվությունը կրելու է Իրանը։
«Ջեյշ ալ-Ադլ» զինյալ խմբավորումը երեքշաբթի ուշ երեկոյան հայտարարել է, որ Իրանի հեղափոխության պահապանները օգտագործել են հարվածային վեց ԱԹՍ և մի շարք հրթիռներ՝ ոչնչացնելով երկու տուն, որտեղ ապրում էին խմբավորման զինյալների երեխաներն ու կանայք:
Բելուջիստան նահանգի իշխանությունները CNN-ին հայտնել են, որ հարվածների հետևանքով մահացել են 8 և 12 տարեկան աղջիկներ, առնվազն չորս մարդ վիրավորվել է:
Հարակից հրապարակումներ`
- Իրանը հարվածներ է հասցնում Պակիստանում գտնվող թիրախներին
- Վարդան Ոսկանյան. Իրանական հրթիռների հարվածների հուժկու պայթյունը ցնցել է նաև Բաքուն
- Վարդան Ոսկանյան. Իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է