Հնդկաստանն արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական խմբավորմանը հարվածներին.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հնդկաստանը պաշտոնապես արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով հասցված իրանական հարվածներին, քանի որ պետք է զրո հանդուրժողականություն դրսևորվի ահաբեկիչների նկատմամբ։
Պատկերը սակայն ավելի լայն է և ավելի հետաքրքիր, որովհետև հարվածներին նախորդել էր Հնդկաստանի արտգործնախարարի այցն Իրան, իսկ դրա ընթացքում նաև քննարկվել էր հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի կարևոր բաղադրիչ իրանական Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնման հարցը։
Այն պայմաններում, երբ իրանամետ եմենյան հութիները փաստացիորեն սահմանափակել են Կարմիր ծովով բեռների տեղաշարժը, հնդկական Հյուսիս-Հարավն էլ ավելի հրապուրիչ և արդիական է դարձել աշխարհի համար։ Իսկ իրանական Չաբահարի մրցակիցը պակիստանյան Գվադարն է, ուստի իրանական հարվածը կրկին բազմակողմ է աշխարհաքաղաքական առումով։
Ուղերձը շատ հստակ է և խորը՝ Կարմիր ծովն անվտանգ չէ, Պակիստանն անկայուն և ահաբեկիչներին իր տարածքում պատսպարող պետություն է, իսկ Թեհրանը հաշվի չի նստում նույնիսկ դրա միջուկային կարգավիճակի հետ, ուստի Հնդկաստանից սկսվող և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավն է դառնալու Հնդկական թերակղզին Եվրոպային կապող ամենակարճ և անվտանգ միջազգային ուղին։
Թուրանական «Միջին միջանցք» կոչեցյալն էլ այս ծրագրի հակոտնյան է, և Հայաստանի տարածքով դրա անցկացումը ուղղակիորեն հակասում է թե՛ հնդկական, թե՛ իրանական շահերին, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվի բարբարոսական վարչախմբին և զգուշացնում Թուրքիային։
Հետևաբար Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները և քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ՝ դառնալու հենց Հյուսիս-Հարավի մասնակից և այս հարցում լրջագույն աշխարհաքաղաքական այլընտրանք արհեստածին Ադրբեջանին, որը դաշնակցում է Հնդկաստանի ախոյան Պակիստանի և Իրանի թշնամի Իսրայելի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանից հայտնում են, որ Իրանը կպատասխանի ցանկացած կողմից եկող սպառնալիքներին
- Վարդան Ոսկանյան. Իրանի հարվածները հակաիսրայելական են, հակաամերիկյան, պրոչինական ու պրոսիրիական
- Իրանը հարվածներ է հասցնում Պակիստանում գտնվող թիրախներին
- Իրանը տարբեր երկրներում ունի ռազմականացված խմբավորումներ․ իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին