Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել:
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:
Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»:
Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջում է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։
Ի թիվս այլ
դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.
-Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,
-Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,
-Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,-️Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
-Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,
-Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,
-Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,
-Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,
-Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարրերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն և Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաև Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:
Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաև Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Ինչու է Ֆրանսիայի Սենատը ակտիվացել
- Ֆրանսիայի Սենատի կողմից նման բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից. Արցախի ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան