Անթիլիասում կհավաքվեն փորձագետներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից
Հունվարի 19-20-ին Անթիլիասի Մայրավանքում, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի օրհնությամբ, կայանալու է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողով։ Այս առիթով, Վեհափառ Հայրապետի հրավերով, Անթիլիաս կժամանեն Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Հարավային Ամերիկայից, Ֆրանսիայից պատմագետներ, իրավագետներ և քաղաքագետներ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Խորհրդաժողովին Հայաստանից մասնակցելու են պրոֆեսորներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտեր Արմեն Մարությանը, դոկտոր Վահրամ Բալայանը՝ Արցախից։
Օրակարգում ներառված են Ադրբեջանի կողմից պատմության նենգափոխումներին դիմակայելու, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և անվտանգության երաշխավորման իրավական ուղիները որոնելու, ռազմագերիների և առևանգված ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման աշխատանքներին ուղղված և Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման համար միջազգային ատյաններում հանձնառությունն ապահովելու հարցեր։
«Մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաճգնաժամային հանգրվաններից մեկում ենք, հայրենիքի և Սփյուռքի մասնագիտական այս համախմբումը երկօրյա նիստերով պիտի քննարկի համահայկական օրակարգերի մշակման համար ուղենիշներ ճշտող հրատապ խնդիրներ»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան