ԱԳՆ-ից հայտնում են, որ Panorama.am-ի հունվարի 11-ի հարցմանն Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հունվարի 13-ին
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ հերթական ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո, երբ արցախահայությունը բռնագաղթել էր, սեպտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց. «Եթե մենք ուզում ենք, որ Զանգեզուրի ու Լաչինի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, պետք է այդ հարցը լուծենք առանց հակամարտությունների ու աղմուկի։ Եթե Հայաստանը դեմ լինի, այդ ճանապարհը կանցնի Իրանով։ Իրանը հիմա դրական է նայում այդ հարցին»։
Այդ հայտարարությունից երեք ամիս անց Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն կրկին խոսեց միջանցքի մասին ասելով. «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որն սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 224 կմ: Ընդհանուր առմամբ այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտեւի հինգ տարի: Այսինքն՝ կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները». Նա նաև ասաց, թե միջանցքի հարցում դրական ազդակներ կան Հայաստանից։
Հունվարի 10-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել էր. «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների», «Եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը», մենք էլ չենք բացի Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում»։
Panorama.am-ը հունվարի 11-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳ նախարարությանը, որում ասվում էր. «Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ պետությունների սուվերենության և ազգային օրենսդրության կարգավորումների շրջանակներում։
Իլհամ Ալիևի՝ վերոնշյալ սկզբունքներին հակասող վերջին հայտարարությունից հետո սակայն ՀՀ-ի որևէ պատասխանատու չի արձագանքել։
Ինչպես է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում Ալիևի հայտարարությունը, և որն է պաշտոնական Երևանի դիրքորշումն այդ հարցում»։
Հունվարի 17-ին Panorama.am-ը ստացավ ՀՀ ԱԳՆ-ի Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանի ստորագրությամբ պատասխանը, որում ասվում է. «Ի պատասխան ձեր հարցման (ՀՀ ԱԳՆ մուտքագրվել է 11.01.2024թ.-ին), տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձել է Ձեր հարցման երկրորդ հատվածին՝ նշելով. «Գիտեք, որ կա Ադրբեջան-Նախիջևան կոմունիկացիայի թեման և կրկին զուգահեռներ է տարվում Իրանի տարածքով այդ կապն ապահովելու մասին, որն այսօր էլ գոյություն ունի։ Մենք սրան արձագանքում ենք հետևյալ կերպ, որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք։ Մենք ասում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս հատվածի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոճանապարհային։
Կոմունիկացիաների մասով էլ մենք պայմանավորվածություններ քաղաքական մակարդակում ձեռք ենք բերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհները պետք է բացվեն, բայց 4 սկզբունքի հիման վրա։ Որո՞նք են այդ սկզբունքները։ Սուվերենությունը, այսինքը, ի՞նչ է նշանակում սուվերենությունը, որ ինքնիշխանությունը կասկածի տակ չպետք է դրվի այդ ճանապարհների շահագործմամբ։ Երկրորդ՝ իրավազորություն։ Ո՞րն է իրավազորությունը, որ մենք ունենք սահմանի հատման կանոններ, որ այսօր Հայաստանի սահմանը հատող բոլոր քաղաքացիները (հայաստանի քաղաքացի լինեն, թե այլ քաղաքացի), այդ կանոնները պահպանում են՝ անձնագրային հսկողություն և այլն, և այդպես շարունակ։ Այդ կանոնները պետք է իրավազորության ներքո պահպանվեն։ Ընդ որում, Ադրբեջանը հետևյալն է ասում. ասում է՝ մենք ուզում ենք անխոչընդոտ տեղաշարժ։ Մենք դեմ չենք անխոչընդոտ տեղաշարժին, բայց անխոչընդոտ տեղաշարժը չի նշանակում օրենսդրության շրջանցմամբ տեղաշարժ»։
Գրավոր հարցման և պաշտոնական պատասխանի ուղարկման ժամանակագրությունից և բովանդակությունից պարզվում է, որ մինչև Ալիևին արձագանքելու անհրաժեշտության մասին չենք բարձրաձայնում ՀՀ քաղաքական էլիտան տեղից չի շարժվում։
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել` խոսելով 8 գյուղերի մասին
- Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին