Որտե՞ղ է ավարտվելու «տալու» պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Նախ՝ դուք դասղեկ չեք, մենք էլ Ձեր աշակերտները չենք, դասեր մի՛ տվեք։ Գովելի կլիներ, որ այսպիսի ոգևորությամբ արձագանքեիք Ալիևին։ Ինձ համար անհասկանալի են այն անհանգիստ շարժումները, որոնք նկատվում են Ձեր և Ձեր թիմակիցների մոտ՝ ի պատասխան այն պարզ ճշմարտության, որ ձախողել եք։ Դուք ձախողել եք Ձեր իսկ հռչակած խաղաղության օրակարգը։ Դա արձանագրել եք Դուք։ Օրեր առաջ Դուք եք հայտարարել, որ Ալիևի հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Դուք եք հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին։ Դուք եք հայտարարել, որ Ադրբեջանի հայտարարությունը կարդալիս եկել եք եզրակացության, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել հետագա պատերազմը։ Սրանք բառացիորեն Ձեր ձևակերպումներն են, Դուք եք ասել։ Դուք և Ալիևը խոսում եք տարբեր բառաշարաներով։ Դուք շարունակ խոսում եք «տալու» մասին, իսկ Ալիևը՝ «վերցնելու»։ Դուք խոսում եք այսպես կոչված՝ անկլավները, ադրբեջանցի հանցագործներին տալու մասին։ Ի՞նչ է ասում դրան ի պատասխան Իլհամ Ալիևը։ Ինձ հետաքրքիր է,թե ո՞րն է սահմանը, որտե՞ղ է ավարտվելու այդ «տալու» պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու»,- ԱԺ-ում Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Դասղեկի վերաբերյալ Ձեր դիտարկումը լիարժեք ընդունելի է այն ըմբռմամբ, որ դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ։ Եթե չենք ուզում դասղեկի բնազդներ արթնացնել, եկեք, լուրջ վերաբերվենք։ Իրականում Ձեր հարցի համար էլ եմ շնորհակալ։ Եթե ես իրոք Ձեր արտահայտած մտքերն արտահայտած լինեի, Դուք նույն կերպ կշարունակեիք մեջբերումները։ Այն, որ դուք մեջբերումները թողեցիք մի կողմ և ինձ վերագրեցիք բառեր, որոնք չկարողացաք հիմնավորել, արդեն տալիս է Ձեր հարցի պատասխանը։ Ընդդիմադիրների և դիմադիրների «սոուսը» դնենք մի կողմ, Ձեր հարցի մեջ կար լեգիտիմություն։ Ասում եք ՝ որտեղ ենք կանգ առնելու։ Կանգ է առնվելու ՀՀ լեգիտիմ սահմանների վրա և լեգիտիմությունն է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը»։