Սևակյան տարվա մեկնարկը տրվեց «100 բանաստեղծություն» գրքի շնորհանդեսով
Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-ամյակը։ Հոբելյանական տարվա մեկնարկը տրվեց այսօր Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում՝ Պ. Սևակի «100 բանաստեղծություն» նոր գրքի շնորհանդեսով։
Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված ժողովածուն ընդգրկում է Սևակի՝ տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծություններն ու երկու հավելված՝ «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունն ու «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցը, որոնք ընթերցողին ուշագրավ տեղեկատվություններ կտան գրողի կյանքի, աշխարհայացքի, անցած ստեղծագործական ճանապարհի մասին։
Գրքի խմբագիր Սևակ Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ժողովածուն կազմել է իր հայրը՝ Պարույր Սևակի միջնեկ որդին՝ Արմեն Ղազարյանը։
«Կազմվել է 100 գործի սկզբունքով, քանի որ 100-ամյակն է։ Սկզբում հայրենասիրական բնույթի գործերն են, այնուհետև խոհափիլիսոփայական, սիրային։ Փորձել ենք ծաղկաքաղ անել Սևակի լավագույն ստեղծագործությունները հիմնականում 4 գրքերից՝ «Սիրո ճանապարհ», «Նորից քեզ հետ», «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս»։ Ամենից շատ գործերը «Եղիցի լույս» գրքից են, որը Սևակի բանաստեղծական վերջին ժողովածուն է»,-նշեց նա։
Սևակ Ղազարյանի խոսքով, «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունը քիչ հայտնի գործ է, ընդգրկել են ժողովածուում, քանի որ ուզում են հնարավորինս շատ մարդ ծանոթանա Սևակի ձեռքով գրված իր իսկ կենսագրությանը։
Իսկ «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցը Սևակի՝ կյանքի նախավերջին հարցազրույցն է, վերլուծում է իր գրական մտածողությունը, իր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի գրականությունը, մասնավորապես բանաստեղծությունը։
Խոսելով հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների մասին, Սևակ Ղազարյանն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր ունեն, հանձնաժողովը պետք է քննի ու հաստատի, թե որոնք են կյանքի կոչվելու։
«Գրական, գիտական առումով ցանկալի կլինի ունենալ Սևակի 10 կամ 12-հատորյակը, քանի որ հասունացել է այդ ժամանակը։ Վերջին տաս տարվա ընթացքում Սևակի անտիպ ժառանգությամբ եմ զբաղվել, առանձին գործեր, գիտական աշխատություններ, նամականի, հոդվածներ լույս են տեսել։ Եթե այս պահի դրությամբ ունենք 6 հատոր, որն արդեն 50 տարեկան է, հանգիստ կարող ենք 10 կամ 12 հատորյակ անենք, ժամանակ ու ֆինանսավորում է պետք։ Բայց դրա մեկնարկն այս տարի կտանք»,- ասաց Ս. Ղազարյանը։
Նա նաև նշեց, որ Սևակն այսօր ամենաընթերցվող դասականներից մեկն է, քանի որ նա գրել է կյանքի հավերժական ճշմարտությունների մասին, որոնք միշտ արդիական են, դրանք մարդկանց համար չեն փոխվել 50, 100 տարվա ընթացքում. «Կյանքային ճշմարություններ կան, որոնք երբեք չեն փոխվում»։
ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանն ասաց, որ տարին շնչելու է Սևակով, լինելու է սևակյան։
«Ծննդյան տարեդարձի կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, անմասն չի մնա նաև ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն իր լավագույն զավակներից մեկի հոբելյանը նշելուց։ Այս գրքի շնորհանդեսն այս շարքում առաջինն է»,- ասաց նա։
Ա. Գալստյանի խոսքով, թվում է, թե Սևակը ճանաչման, հանրահռչակման, ներկայացման առումով խնդիր պետք է չունենա, սիրված է, բայց մասնագիտական ճիշտ մատուցմամբ կարիք կա ներկայացնելու Սևակի ողջ գրական ժառանգությունը։
«Այս ժողովածուն միտված է սրան։ Ընտրված են բանաստեղծություններ, որոնցով միանգամից Սևակի ասելիքը հասանելի կդառնա։ Հասանելի կդառնա այն եղիցի լույսը, որը բանաստեղծն ինքը բերում էր մեր ժողովրդի համար»,- ասաց Ա. Գալստյանը՝ մեջբերելով Վազգեն Վեհափառի միտքը. «Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»»:
«Հոբելյանական տարվա միջոցառումները, գիտաժողովները, հրատարակությունները, ըստ էության, կլինեն ընդամենը ոչ թե վերագնահատման, այլ նորովի ու նորից հանրահռչակելու փորձ մեր սիրելի մեծ բանաստեղծին»,- ասաց նա։
Գիրքը լույս է տեսել «Համազգային» հայ կրթական ու մշակութային միության նախաձեռնությամբ՝ Սևակի տուն-թանգարանի հետ համատեղ։ Միջոցառման ընթացքում Սևակի բանաստեղծություններն ներկայացրեցին ասմունքողներ Գայանե Սամվելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, հնչեցին Սևակի բանաստեղծությունների վրա գրված երգեր։
Մանրամասն՝ տեսանյութում։