Հարությունյանն Ալիևի հայտարարությունների վերաբերյալ մտահոգություն է հայտնել Գալուզինին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Դեսպան Հարությունյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները` մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
Դեսպանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ: