Պեմզաշենում դեպքի վայրից հայտնաբերած իրերը եղել են արյան և սերմնահեղուկի հետքերով
2022 թվականի նոյեմբերի 8-ին Շիրակի մարզում տեղի ունեցած սարսափելի սպանությունից օրեր առաջ ամբաստանյալ Արկադի Բարսեղյանը հեռախոսային զրույցներ է ունեցել սպանված Զարինե Մելիքսեթայանի ամուսնու՝ Սևակ Մելիքսեթյանի, ինչպես նաև նրա հորեղբոր որդու՝ Հայկ Մելիքսեթյանի հետ։ Այսօր դատարանում նման տվյալներ հրապարակեց մեղադրող դատախազը՝ ներկայացնելով ապացույցներն ու դրանց ձեռք բերման ուղիները։
Մեղադրողի խոսքով, խոսակցությունների ու դրանց բովանդակության մասին տեղեկացել են հեռախոսների զննության արդյունքում, ինֆորմացիայի մի մասը ջնջված է եղել, մասնագետները կարողացել են վերականգնել։
«Հոկտեմբերի 24-ին Հայկ Մելիքսեթյանի հետ viber հավելվածով Սևակ Մելիքսեթյանի հետ խոսակցության վերաբերյալ տեղեկություններ են առկա, միաժամանակ այդ խոսակցության ընթացքում Սևակ Մելիքսեթյանի նկարի և կից մերկ աղջիկների լուսանկարների էկրանանկարներ են առկա եղել, որոնք ևս ջնջված են եղել, մասնագետների կողմից վերականգնվել են»,-հայտնեց դատախազը։
Քննությամբ պարզվել է, որ Արկադի Բարսեղյանը Հայկ Մելիքսթեյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև նոյեմբերի 1-ին։
«Ավելի շուտ հաղորդագրություն է ուղարկել այն բովանդակությամբ՝ պարզելու, թե երբ են Հայկ և Սևակ Մելիքսեթայանը վերադառնալու Հայաստան։ Նոյեմբերի 7-ին՝ այսինքն դեպքի նախորդող օրը կրկին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայկ Մելիքսեթյանի ու Արկադի Բարսեղյանի միջև»,-հայտնեց դատախազը։
Նա նշեց, որ գաղտնի քննաչական գործողությունների արդյունքում ունեն Վրույր Բարսեղյանի ընտանիքի անդամների խոսակցությունները, պայմանավորվածությունները։
«Քրեակատարողական հիմնարկում Վրույր Բարսեղյանն ունեցել է խոսակցություն խցակիցների հետ, նա հայտնում է տեղեկություններ դեպքի օրվա, նախորդող ժամանակահատվածի, Արկադի Բարսեղյանի հետ դեպքին մասնակցելու, ինչպես սեռական ոտնձգությունների, այնպես էլ բռնության գործադրման մասին, հայտնում է նաև տանից իրեր հափշտակելու մասին»,-մանրամասնեց դատախազը։
Մեղադրողը նշեց, որ ընդհանուր առմամբ քննության ընթացքում իրեղեն ապացույց են ճանաչվել ու քրեական գործին կցվել 91 իր և առարկա։
«Հայտնաբերել են արյան հետքերով Վրույր Բարսեղյանի՝ սպորտային կոշիկի նմանվող հողաթափերը, վերջինիս բնակարանից ծալովի դանակը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված մի շարք իրեր ու առարկաներ՝ ինչպես արյան հետքերով, այնպես էլ սերմնահեղուկի հետքերով»,- ասաց մեղադրողը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արկադի Միսաքի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին:
Հարակից հրապարակումներ`
- Պեմզաշենի սպանությունից հետո Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց երկու տարբեր կանանց հետ սեռական հարաբերություն է ունեցել Արթիկում
- Պեմզաշենի սպանության մեջ մեղադրվողները կմնան անազատության մեջ. Հաջորդ նիստը 2024 թ.-ին
- Երկուսին էլ պետք է գնդակահարել. Պեմզաշենում սպանված կնոջ ամուսին
- Պեմզաշենի սպանության գործը չուղարկվեց Շիրակի դատարան
- Պեմզաշենում սարսափելի սպանության համահեղինակը հայտարարեց՝ հայերեն չգիտի, վեցամյա կրթություն ունի
- Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին նիստը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ