Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին, կնոջը, եղբորը հրավիրել են Գլխավոր դատախազություն
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին, կնոջը, եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանին և վերջինիս կնոջը հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին գրում է «Հետք»-ը:
«Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում բռնագանձման ենթակա գույքի ցանկը՝ պատճառաբանելով, թե ներկայացվող ապացույցներով, բացատրություններով հնարավոր է ցանկը փոփոխվի:
Սարգիս Սահակյանը, կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը՝ Նաիրի Սահակյանն ու վերջինիս կինը՝ Կարինե Ավագյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան հունվարի 22-ին:
Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից հափշտակել է շուրջ 72 մլն դրամ
Նշենք, որ Սահակյան եղբայրներն անցնում են նաև քրեական գործով: Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Սարգիս Սահակյանը մեղադրվում է այն բանում, որ ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության ծրագրի մասին, որն անցնելու է նաև Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, Կաքավաձոր համայնքի ղեկավարի հետ եղբորը՝ Նաիրի Սահակյանին թույլատրել է իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ:
Նախկին մարզպետը, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով Կաքավաձոր համայնքի ղեկավարի վրա, համոզելով՝ օրինականացրել է ապօրինի շինությունները: Դրանից հետո Նաիրի Սահակյանը 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որով անշարժ գույքը 67 մլն 440 հազ. դրամի փոխարեն կարողացել է վաճառել մոտ 140 մլն դրամով: Այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է պետության առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 72 մլն 448 հազ դրամ գումարը:
Մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրի Սահակյանին և Կաքավաձոր համայնքի ղեկավարին: Դատարանում գործի քննությունը շարունակվում է»,-ասվում է լուրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները