Նոր Մատենադարանին այլևս պետք չէ Ձեռագրերի կրկնօրինակման բաժին
Արդեն մի քանի օր խոսվում է Մատենադարանի «Ձեռագրերի կրկնօրինակման» բաժինը փակելու մասին, որի հետևանքով 12 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծարվել են։
«Ժամանակին, երբ այդ Արա Խզմալյանին բերեցին, բազմեցրին Մատենադարանի տնօրենի պաշտոնին՝ ինձ համար ակնհայտ էր, որ Մատենադարանն այլևս վտանգված է, սկսվել է Մատենադարանի քանդման գոծընթացը»,- ասել էր գրականագետ Սերժ Սրապիոնյանը։ Ըստ նրա, այս բաժնի փակումը միայն նախերգանքն է, որին հաջորդելու են այլ բաժինների փակումները։
Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է փակվում Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը, Մատենադարանի հանրային կապերի բաժնի ղեկավար Էմմա Հոռոփյանն ասաց, որ Մատենադարանի առավել արդյունավետ կառավարման նպատակով հոգաբարձուների խորհրդի որոշմամբ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ:
«Փոփոխությունների արդյունքում կառուցվածքից հանվել է Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը այն նկատառումով, որ Մատենադարանի թանգարանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ անվտանգային պայմանները ձեռագրերի բնօրինակները ցուցադրելու համար»,- նշեց նա։
Է. Հոռոփյանը մանրամասնեց, որ ունեն երկու տասնյակից ավելի հսկիչներ, շուրջօրյա տեսահսկում, օրվա ընթացքում մի քանի անգամ ջերմախոնավային պայմանակարգերի ստուգում, լուսաչափում և այլն։
«Այսինքն, տեխնիկական բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի թանգարանի այցելուները հնարավորություն ունենան տեսնելու Մատենադարանում պահվող բնօրինակ ձեռագրերը»,- ասաց նա։
Հարցին՝ այևս ձեռագրերի կրկնօրինական անհրաժեշտություն չի՞ լինելու, նա պատասխանեց. «Կրկնօրինակման անհրաժեշտություն ցուցադրական նպատակով այլևս չի լինելու»։
Է. Հոռոփյանն ասաց, որ միգուցե լինեն այլ անհրաժեշտություններ, դրա համար իրենք շարունակում են աշխատանքը բաժնի որոշ աշխատակիցների հետ արդեն քաղիրավական պայմանագրերի շրջանում. «Այսինքն եթե անհաժեշտություն կա ինչ-որ բանի կրկնօրինակում իրականացնել, ոչ ցուցադրական նպատակով, այդ դեպքում մասնագետի հետ կնքում ենք պայմանագիր տվյալ աշխատանքն իրականացնելու շրջանակում»։
Ձեռագրերի կրկնօրինակման բաժինը ստեղծվել էր 2009 թվականին Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի նախաձեռնությամբ: Աշխատակազմը ձևավորվել էր բաժնի վարիչ Լիլիթ Ամիրջանյանի ուսանողներից, աշակերտներից:
«Բաժնի գործունեության կարևորագույն խնդիրն է ճշգրիտ կրկնօրինակումների միջով պահպանել ու զարգացնել հայկական ավանդական մանրանկարչության ու գրչության արվեստն իր կանոնիկ պատկերագրությամբ: Առավելագույն ճշգրտությամբ կրկնօրինակումների կատարման նպատակն է բնօրինակ ձեռագրերը օդի, լույսի,ջերմության վնասակար ու քայքայիչ, ոչնչացնող ներգործությունից փրկել և դրանք փոխարինել կրկնօրինակ մակետներով»,- նշված է Մատենադարանի կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան