Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը. Լավրով
Ռուսաստանը երբեք Հայաստանի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնողը չի եղել։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք լուծել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, և արդյոք առաջընթաց կա։
«Մենք երբեք չենք եղել այս հարաբերություններում (Հայաստանի հետ-խմբ.) որևէ սառեցման նախաձեռնողը։ Այո, մենք հիշում ենք, երբ Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը, դեռ ընդդիմադիր դաշտում, տարբեր քաղաքական գործընթացների և նախընտրական քարոզարշավի ժամանակ, կոչ արեցին դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, Եվրասիական տնտեսական միությունից։
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, մենք նույնիսկ չնչին մղում չունեինք մեր հարաբերություններում ինչ-որ կերպ հեռանալ Երևանից։ Ամեն ինչ զարգացել է այնպես, ինչպես իր նախորդի օրոք՝ տնտեսության, էներգետիկայի, սոցիալական ոլորտում և ռազմաքաղաքական հարցերում»,-ասել է Լավրովը։
«Երբ համաձայնեցվեց Հայաստանի հետ Ադրբեջանի սահման ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու մասին փաստաթուղթը, նախարարները համաձայնեցրին առաջին դեմքերի մակարդակով, Երևանն ասաց, որ չի կարող ստորագրել, և գրեթե միաժամանակ ԵՄ առաքելությունը գնաց այնտեղ։ Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ ԵՄ առաքելությունն ակտիվորեն հետաքրքրվել է Հայաստանում տեղակայված մեր սահմանապահների աշխատանքով։ Եվ, սկզբունքորեն, չի զբաղվել վստահության ամրապնդման որևէ միջոցառմամբ, այլ ամբողջ ժամանակ փորձել է «հոտոտել», թե ինչ, որտեղ, ինչպես է կատարվում»,-ասել է Լավրովը։
«Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք շատ ջերմ ենք վերաբերվում հայ ժողովրդին, վստահ ենք, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց այս բոլոր խնդիրները միայնակ չենք լուծի... Տանգոյի համար երկուսն են պետք»,-ասել է ռուս նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան