Համաճարակաբան. Հայաստանում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հոսպիտալացված է ավելի քան հազար մարդ
«Մենք այս պահին գտնվում ենք սուր շնչառական վարակների ակտիվ շրջանառության փուլում, ունենք սուր շնչառական վարակների ակտիվութան աճ»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՎԿԱԿ համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Կենտրոնի ունեցած տվյալներով, միայն հունվարի 17-ին հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ են դիմել սուր շնչառական վարակներ ախտորոշմամբ 1825 պացիենտ, որոնց 66-67 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։
«Եթե ներկայացնենք շաբաթվա կտրվածքով, ապա վերջին շաբաթվա ընթացքում հիվանդությունների աճ է գրանցվել մոտ երկու անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գտնվում ենք միևնույն մակարդակի վրա։ Շաբաթվա ընթացքում արձանագրված վարակի դեպքերի 65 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները»,-ասաց նա։
Հունվարի 17-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 735 պացիենտ, որոնց 87 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Նույն օրվա դրությամբ 328 պացիենտ հոսպիտալացված է թոքաբորբով, որոնց 60 տակոսը երեխաներ են։
«Հանրապետւթյունում շարունակում են շրջանառվել գրիպի A տեսակի H1N1, H3N2 ենթատեսակներ, գերակշռում է H3N2 ենթատեսակը, գրիպ B տեսակի վիրուսի հարուցիչներ, ինչպես նաև այլ շնչառական վարակներ՝ այդ թվում ռեսպիրատոր վիրուսը, որը ևս գերակշռում է, ռինովիրուսի, ադենովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի և այլ հարուցիչներ»,-մանրամասնեց մասնագետը։
Վարակիչ հիվանդություններից մեկը՝ կորոնավիրուսը ևս նահանջի միտումներ ցույց չի տալիս։
«Հունվարի 15-ի դրությամբ, վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդացության 130 դեպք, ինչը նախորդ 14 օրերի ընթացքում նվազել է երեք դեպքով, կարելի է ասել, մի փոքր կայունացում ունենք կորոնավիրուսային հիվանդության առումով»,-ասաց կենտրոնի մասնագետը։
Համաճարակաբանը հիշեցնում է՝ հիվանդության կանխման համար կարևոր է հաճախ օդափոխել սենյակները, իրականացնել խոնավ մաքրում, ախտանիշներն ի հայտ գալուն պես դիմել բժշկի։
«Մրսածության գործոնը նպաստում է, որ անձի մոտ ավելի արագ զարգանա սուր շնչառական վարակը։ ՍՇՎ ախտանշանները բազմազան են, հիվանդը կդժվարանա, ըստ գանգատների հասկանալ, թե որ վարակն է իր մոտ։ Դրա համար պետք է հնարավորինս շուտ դիմել բժշկի, որպեսզի զննում, ախտորոշում իրականացվի, նշանակվի բուժում։ Վարակների ժամանակ լինում է հիմնականում քթահոսություն, հազ, կոկորդի քերոց, ջերմության բարձրացում, հոդացավ, մկանային ցավ, ընդհանուր թուլություն՝ մինչև որպես բարդություններ ականջաբորբ, թոքաբորբ, բրոնխիտ և այլն, որը շատ հաճախ զարգանում է 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Եթե ծնողը տեսնում է, որ երկու օրվա ընթացքում երեխայի մոտ լավացում չի գնում, պետք է դիմել բժշկի»,-ընդգծեց Է. Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների թիվն աճել է մոտ 15%-ով. Համաճարակաբան
- Հայաստանում սուր շնչառական հիվանդությունները վերջին շաբաթվա ընթացքում աճել են 1,1 անգամ. Ռոմելլա Աբովյան
- Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվածների թիվն աճել է
- Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն է գրանցվել
- ԱՆ. Սուր շնչառական հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 1․3 անգամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան