Այսօր մոդայիկ գործիքներն են դհոլն ու դուդուկը. Պրոֆեսոր Արմեն Հարությունյան
«Արվեստի բնագավառում շատ կարևոր են երաժշտական դպրոցների դերը, որովհետև ամեն ինչ սկսվում է երաժշտական դպրոցից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Հարությունյանը։
Նրա խոսքով, մարդկանց մոտեցումը, հետաքրքրություններն այս բնագավառի նկատմամբ վերջին 15-20 տարիներին շատ է փոխվել. «Եթե մինչ այդ գրեթե բոլոր ծնողները ձգտում էին իրենց երեխաներին տանել երաժշտական դպրոցներ, որպեսզի սովորեն դաշնամուր նվագել, հիմա արդեն դաշնամուրային, դասական, խմբավարական, տեսական բաժիններում ուսանողության ներգրավվածության խնդիր կա»։
Արմեն Հարությունյանը դասական երաժշտական գործիքների նկատմամբ հետաքրքրության նվազումը կապում է ժողովրդի կրթվածության մակարդակի հետ, նաև, նրա խոսքով, կյանքն արագացել է, ծնողն ուզում է երեխայի հաջողությունը շուտ տեսնել, իսկ դասական երաժշտական գործիքները նվագելու դեպքում հաջողության հնարավոր է հասնել երկարատև պարապմունքների դեպքում։
«Տարիներ առաջ հետաքրքրության որոշակի նվազում նկատվեց ժողովրդական նվագարանների՝ քամանչա, թառ, ուդ նկատմամբ, մինչև անգամ որոշակիորեն վտանգված էր դրանց գոյությունը, բայց երաժշտական դպրոցները որոշակի քայլեր ձեռնարկվեցին ու դրական արդյունքներ արձանագրվեցին»,- ասաց Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենը։
Արմեն Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին ավելի մոդայիկ գործիքներն են դհոլը, դուդուկը։
«Լավ է, մեր ազգային գործիքներն են, պետք է ուրախանալ, որ երեխաները գնում են այդ ուղղությամբ։
Դհոլի, դուդուկի ռեպերտուարներն այնքան չեն, ինչքան դաշնամուրային, դասական երաժշտական գործիքների։ Շատ ավելի կարճ ժամանակում կարող ես հասնել հաջողության... Շոու բիզնես, ռեստորանային բիզնես... Գումար աշխատելու առումով շատ ավելի կարճ ճանապարհ պետք է կտրես, քան 15-20 տարի սովորես ջութակ կամ դաշնամուր նվագել։
Այո, այնտեղ էլ պետք է լինել շնորհալի, այստեղ էլ, որպեսզի հասնել հաջողության, ուղղակի ճանապարհների երկարության մեջ է խնդիրը»,- նշեց նա։
Խոսելով խնդիրների մասին՝ Ա. Հարությունյանն առաջինը նշեց երաժշտական դպրոցներում գրագետ մասնագետների պակասը։ Ընդհանրապես, ըստ նրա, որոշակիորեն պետք է վերանայվի այս ոլորտը ու ստեղծվեն լուրջ հետաքրքրություններ, որպեսզի այն ունենա զարգացում, չվտանգվի։
ՀՀ վաստակավոր մանկավարժի համոզմամբ, եթե պետությունը բարեփոխում է կատարում որևէ ոլորտում, պետք է խորհրդակցի տվյալ ոլորտի մասնագետների հետ։
Նա նշեց, որ այն ատեստացիոն մեխանիմզը, որը պետք է խրախուսի դասախոսի աշխատավարձը, նրա ավելի բարեկեցիկ ապրելու եղանակը, շատ լավ գաղափար է, բայց կարևոր է, թե ինչպես է այն կիրառվում։
«Ես շատ հեշտ կարող եմ մտնել մի դպրոց, լսել աշակերտներին ու ասել՝ այս մի երեխայի դասատուն ատեստացիա է անցել, մյուսը՝ ոչ։
Երբ արդեն երաժշտությամբ զբաղվող դասախոսին պետք է գնահատեն թղթում կատարած V-ձև նշումով, ինքը չի կարող լուրջ վերաբերմունքի արժանանալ, նրա պրոդուկտն իր աշակերտն է. աշակերտը գրագետ է նվագում, ուրեմն պրոդուկտը ճիշտ է ստեղծվում, աշակերտը անգրագետ է նվագում, ձեռքերում ունի խնդիրներ, դա դասախոսի խնդիրն է։
Այսինքն միտքը ճիշտ է, լավն է, որ այսօր պետք է խրախուսել ուսուցիչներին, որովհետև թե քոլեջներում, թե կոնսերվատորիայում, թե երաժշտական դպրոցներում այնպիսի չնչին աշխատավարձով են աշխատում մեր մասնագետները, միայն կարելի է նրանց նվիրյալներ համարել։
Այսօր կան հիանալի պատանիներ, որոնք այսօր մեր բեմերի վրա նվագում են, նրանց դասատուներին բոլորս գիտենք, ով է կրթել, կրթում այդ երեխաներին. նա էլ պարտավոր չէ գնա, նստի ու այդ V-ձև նշումներն անի, այլ պետք է նրան միանգամից հրավիրեն, ասեն՝ դուք տվել եք միջազգային մրցույթի դափնեկիրներ, դուք արժանի եք ստանալ հավելավճարը։
Ինչքանով է ճիշտ՝ այդպիսի մասնագետը գնա, նստի սկսնակի կողիքն ու սկսի նույն թեստը լուծել; Այո, պետք է գտնել այս ոլորտի խթանման և զարգացման ճիշտ ճանապարհը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին