Սերգեյ Մելքոնյան. Մերձավոր Արևելքում նոր թեժ կետերի առաջացման վտանգ կա
«Մերձավոր արևելքում նոր թեժ կետերի առաջացման վտանգ կա, քանի որ Իրանը դառնում է պրոակտիվ ու ուղղակի է ներգրավվում գործընթացներին: Մինչ այս գործում էին Իրանի պրոքսիները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը՝ արձագանքելով Իրանի կողմից վերջին օրերին արձակած հրթիռային հարվածներին ու դրանց հնարավոր հետևանքներին։
Նրա խոսքով, գործընթացներում Իրանի ուղղակի ներգրավումը, հարվածի ծավալն արդեն ցուցիչ են, որ այո, իսկապես, տարածաշրջանում հնարավոր է լարվածության նոր մակարդակ։
«Պետք է նշել, որ Իրանի ու Պակիստանի մեջ տեղի ունեցած հարվածները վերահսկվող էսկալացիայի շրջանակում էին։ Սա նշանակում է, որ կողմերը, հասկանալով ռիսկերը, հնարավարություն ունեն սրացումը պահել վերահսկողության ներքո։ Նաև պետք է հիշել, որ կողմերի միջև կան ուղիղ շփումներ, ԱԳՆ մակարդակով Իրանը և Պակիստանը բանակցություններ են վարում»,-նշեց փորձագետը։
Նա մանրամասնեց՝ ստեղծված իրավիճակում Պակիստանի համար կարևոր էր փրկել իր դեմքը, քանի որ Իրանը հրապարակային կերպով հայտարարեց՝ հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի հայտարարություն է, միջուկային գերտերություն հանդիսացող Պակիստանը չէր կարող այն անպատասխան թողնել, ահա այս պատճառով հետևեց խորհրդանշական պատասխան, որը չէր թիրախավորում իրանական բուն քաղաքական-ռազմական թիրախները։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում շարունակվող իսրայելապաղեստինյան հակամարտության ներկա վիճակին՝ վերլուծաբանն ընդգծեց, Գազայում Իսրայելը դեռ չի հասել նպատակին։
«Հիշեցնեմ, Իսրայելի նպատակն է ոչնչացնել «Համաս» խմբավորումը։ Ռազմական տեսանկյունից իր նպատակին Իսրայելը մասամբ հասել է, գլխավոր նպատակին հասնելու համար պատերազմը կարող է տևել մեկ տարուց ավելի։ Հարց է, թե ինչքանով է Իսրայելը պատրաստ նման երկարաժամկետ պատերազմի, քանի որ նա հակասում է իր հիմնական դոկոտրինին, ըստ որի, Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ երկարատև պատերազմ, քանի որ այն իր տնտեսության համար շատ մեծ հարված է»,-ասաց Մլքոնյանը։
Վկայակոչելով պատերազմի հետևանքով Իսրայելի կրած կորուստների ու պատերազմի վրա ծախսվող գումարների վերաբերյալ տվյալները՝ Մելքոնյանը նշեց, խոսվում է մինչև 260 մլն դոլար ծախսի մասին, բայց միաժամանակ սրան պետք է գումարել այն վնասները, որոնք ունի Իսրայելը առևտրի, տուրիզմի կրճատման և այլնի հետևանքով։
«Գազայի հատվածում ակտիվ գործողությունները կշարունակվեն, բայց ավելի փափուկ ինտենսիվությամբ։ Սա լավ կլինի և տնտեսության, և բանակի համար։ Հիշեցնեմ, պատերազմին իսրայելական բանակը ներգրավված է 50-75 տոկոսով։ Եթե հյուսիսում իրավիճակը սրվեր, ապա իսրայելական բանակը չի կարող էֆեկտիվ պատասխանե, քանի որ «Հըզբոլլահ»-ն ունի ավելի լայն հնարավորություններ, քան «Համաս»-ը»,-ասաց Մելքոնյանը։
Իսրայելը պատերազմը կշարունակի, քանի դեռ չի հասել իր նպատակին՝ Գազայի հատվածն իր վերահսկողության ներքո վերցնելուն, ինչը նշանակում է հասնել մինչև Եգիպտոսի հետ ընդհանուր սահմանը։
«Սա նշանակում է, որ Իսրայելը կանգնելու է նոր խնդիրերի առաջ, քանի որ Գազայի բնակչությունը հյուսիսային ու կենտրոնական շրջաններից կենտրոնացել է հարավում, ինչը խիստ կդժավարեցնի ռազմական գործողությունների շարունակումը։ Կարծում եմ՝ Իսրայելն այստեղ ինչ-որ բան կմտածի ու ճանապարհ կգտնի։ Հաջորդ կարևոր, ակտուալ գործոնը թունելներն են, որոնք «Համաս»-ի վերահսկողության ներքո են, որորնք կարևոր են զենքի տեղաշարժման, արտադրման, կիրառման ու այլ առումով»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան