Մեր կառուցողականությունը երբեմն նույն չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում․ Միրզոյան
«Ինչպես արդեն ասացի, Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, և մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար»,- Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի՝ խաղաղությանն ուղղված ջանքերի մասին հարցին ի պատասխան ասել է Արարատ Միրզոյանը՝ շարունակելով․
«Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները: Ինչպես նշեցի, մենք կարևորում ենք ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն: Եվ այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի: Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Խորվաթիայի կամ ԵՄ մասնակցությանը, կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Խորվաթիային և ԵՄ-ին՝ մեր տարածաշրջանում սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման համատեքստում: Արդեն իսկ հիշատակել եմ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ լրացուցիչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի և ԵՄ անդամ երկրներին 2023թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած փախստականների հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերած աջակցության համար»։