«Ժողովուրդ». Այս իշխանություններն անգամ հակադարձելու կամ քննադատելու հարցում են ապաշնորհ ու մանիպուլյատոր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն»: Ամենայն հավանականությամբ, այս գրառումը նա արել է այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում ասել էր. «Երևանը նոր պահանջներ է ներկայացնում, չի ուզում, որ այնտեղ կանգնեն ռուս սահմանապահները։ Դա հակասում է պայմանավորվածություններին»։ Թերևս հուշենք Հայկ Կոնջորյանին ընթերցել կամ վերընթերցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը, որի տակ դրված է իր այժմյան կուսակցության ղեկավարի և վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ այդ հայտարարության 9-րդ կետում գրված է.
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Հետաքրքիր է՝ մի՞թե Կոնջորյանը չի տեսնում այս պարզ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Գուցե չի ուզում տեսնել։ Այս իշխանություններն անգամ հակադարձելու կամ քննադատելու հարցում են ապաշնորհ ու մանիպուլյատոր, ուր մնաց՝ նրանցից պետության կառավարում ակնկալես»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: