Ստեփան Դանիելյան. Խաղաղության շուրջ բանակցություններ չեն եղել ու չկան
Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու չի մեկնի։ Օրեր առաջ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Նա ևս Ադրբեջան չմեկնեց։ Ինչո՞ւ Բաքվում չեն սպասում արևմտյան գործիչներին, պատճառը ադրբեջանական կողմի դեմա՞րշն է, այնտեղ կայանալիք համապետական ընտրություննե՞րը, թե՞ այլ պատճառներ կան։ Panorama.am-ն այս հարցն ուղղեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։
«Կան մի քանի պատճառներ։ Առաջինը, հիշում եք, երբ հայ-ադրբեջանական բանակցությունների վայրի մասին էր խոսվում՝ Մոսկվայո՞ւմ, թե՞ արևմուտքում, հայկական կողմը համաձայնվում էր արևմուտք գնալ, Մոսկվա չէր գնում։ Ադրբեջանը՝ հակառակը, հայտարարում էր, որ պատրաստ է Մոսկվա գնալ։ Վերջերս էլ Լավրովը հայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն է Մոսկվայում բանակցություններ վարել, Հայաստանի պատասխանը չեն ստանում։ Առաջին պատճառը դա է, որ վայրում լինի բանակցությունները, այդ վայրից էլ ազդում են բանակցությունների վրա»,-ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով, երկորդ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն հայտարարեց Ադրբեջանի հետ շփումների մակարդակի իջեցման մասին, ի պատասխան դրա և այլնի Ադրբեջանն էլ սկսեց հակաամերիկյան, հակաարևմտյան՝ հատկապես հակաֆրանսիական ելույթներ ունենալ։
«Բանը հասել է մատով սպառնալուն, արհամարհական արտահայտություններ թույլ տալուն»,-ասաց նա։
Քաղաքագետն ընդգծեց՝ Ադրբեջանը հստակ կերպով Հայաստանից տարածքներ է պահանջում՝ իր մեջքին ունենալով Թուրքիային, Իսրայելին, ինչ-որ առումով նաև Բրիտանիային։
«Սա է Ադրբեջանի քաղաքականությունը, որպեսզի կապ հաստատի Ադրբեջանի երկու հատվածների և բնականաբար Թուրքիայի հետ։ Հիմա ամեն գերտերություն իր շահերի հիման վրա իր քաղաքականությունն է կառուցում։ Ռուսաստանին պետք է, որ իր վերահսկողությամբ լինի ճանապարհը, որ ինքը ռեգիոնում կարողանա իր ազդեցությունը պահել, իսկ հետագայում, եթե աշխարհքաղաքական դասավորությունները փոխվեն, հնարավոր է նաև ամրապնդի իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Արևմուտքին պետք է, որ դա տեղի չունենա։ Համապատասխանաբար, ամեն մեկն իր հաշվարկներն ունի»,-ասաց նա։
Հարցին, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ ռուսական կողմի միջնորդ լինելու պատրասատակամությունն անտեսվում է հայկական կողմից, արևմտյան կողմի պատրաստակամությունը՝ Բաքվի կողմից, 3+2 ձևաչափն անգործության է մատնված, նշանակո՞ւմ է, որ խաղաղության գործընթացի շուրջ շփումները փակուղի են մտել, Ս. Դանիելյանն արձագանքեց.
«Ոչ մի բան էլ փակուղում չի հայտնվել, քանի որ ոչ մի գործընթաց էլ տեղի չէր ունենում։ Ադրբեջանն իր պահանջները հստակ դրել է, Հայաստանն էլ պետք է համաձայնվի կամ չհամաձայնվի։ Չհամաձայնվելու դեպքում արդեն ագրեսիա է տեղի ունենում։ Այսինքն, ոչ մի բան փակուղում չի հայտնվել, Ադրբեջանն իր պահանջները հստակ դրել է և ետ չի կանգնել։ Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, ապա ոչ մի խաղաղության գործընթաց էլ չի եղել։ Դա Հայաստանի կառավարության խաբկանքն էր իր հանրության համար, որ իբր նման գործընթաց է գնում, այդ խաղաղության բառից մարդիկ խաբվել են, մտածել են, որ ինչ-որ բաներ կլինեն, հետո կլինի խաղաղություն։ Ոչ մի խաղաղություն էլ չի լինելու։ Չկա նման բան, խաղաղության շուրջ բանակցություններ չեն եղել ու չկան»։
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյան. Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը
- Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր
- Մոսկվան չի լսել Հարավային Կովկասից ՌԴ-ին հեռացնելու Արևմուտքի պահանջին Երևանի անհամաձայնությունը . Սերգեյ Լավրով
- Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն. Պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին
- Երևանը փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխարինել ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ մշուշոտ խոստումների հետ. Լավրով
- Արմեն Գրիգորյանը Լուի Բոնոյին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան