Ունենք հրաշալի ուսուցիչներ, որոնք չեն ուզում դասը վերածել կինոյի․ փորձագետ
«Ճիշտ ասած, ես առաջին անգամ եմ լսում, որ որևէ երկիր ամեն ամիս լավագույն ուսուցիչ մրցույթ անցկացնի»,-այպես է արձագանքել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ «Մեդիալաբ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության նոր նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ նախարարության նոր նախաձեռնության համաձայն, յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցներ 10 անվանակարգերում, որոնք կապ ունեն չափորոշիչի ներդրման հետ։
Փորձագետը նշել է՝ հասկանալի է, որ բիզնեսը կյանքն արագացնում է, բայց կան բաներ, որ պետք չի դրան զոհել:
«Ի՞նչ է նշանակում՝ ամեն ամիս լավագույն, այդպիսի բաներ ես տեսնում եմ խանութներում, ինչ-որ օֆիսներում, բայց կրթությունն այդ ոլորտը չէ, որ ամեն ամիս լավագույն աշխատող որոշենք, սա ավելի խորքային բան պետք է լինի։
Հետո՝ չկա չափորոշիչ՝ ո՞նց եք գնահատելու։ Հիմա ես ամսի 24-ին պետք է ներկայացնեմ, բայց չգիտեմ՝ ի՛նչ չափանիշներով են գնահատելու, եթե չգիտեմ՝ ինչպե՞ս որոշեմ՝ ոնց անեմ, որ հաղթեմ։ Այնտեղ գրված է, որ ԿԶՆԱԿ-ը կկազմի այդ չափորոշիչները, եթե մրցույթին մնում է 3-4 օր, ե՞րբ ենք իմանալու դրանք։ Սա ևս կարևոր խնդիր է»,-ասել է Խաչատրյանը։
Խոսելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնության առաջադրած պահանջների մասին, նա հիշեցրել է՝ ուսուցիչներից պահանջվում է տեսանյութ:
«Ունենք հրաշալի ուսուցիչներ, որոնք չեն սիրում նկարվել, որոնք չեն ուզում դասը վերածել կինոյի․ ասեն՝ էրեխե՛ք, հիմա նկարվում ենք, վա՜յ, չէ՛, լավ չեղավ, նորից ենք հիմա նկարվում։ Պատկերացրեք այդ էրեխեքի վիճակը, որոնք 5-6 անգամ նկարվում են նույն սցենարը, որ ուսուցիչը լավագույն տարբերակն ուղարկի մրցույթին։ Այս նկարահանումները դասերից հետո՞, թե՞ դասերի հաշվին են անում։
Ի վերջո, այստեղից կորչում է մանկավարժության ամենաարժեքավոր բաներից մեկը՝ դասի եզակիությունը, կրթության արվեստի բաղադրիչը։ Մենք վերջին տասնամյակում մոռացանք կրթության այդ գեղագիտական արվեստի բաղադրիչը, որ դասը եզակի է, անկրկնելի, չի կարող մի քանի անգամ նկարվել: Այս ամենը մենք մոռացանք, հիմա արդեն, ինչպես մեր կյանքն է դառնում շոու, ուզում ենք դասերն էլ շոուի վերածել»,-ասել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
- Մտածում ենք պոկված կախիչի մասին, չենք մտածում, թե ի՞նչ կմտածի 2-րդ դասարանցին դասագիրք չունենալու մասին. Սերոբ Խաչատրյան
- Կառավարությունը մեկ հարվածով 800 գիտնականների կտրեց հավելավճարներից. Ատոմ Մխիթարյան
- Վերջին 20 տարում այդպիսի բան չէր եղել, որ մասնագետը չդիմեր դասագիրք գրելու մրցույթին. Սերոբ Խաչատրյան
- ԿԳՄՍ նախարարի հրամանի արդյունքում ուսուցիչներ են աշխատանքը կորցնում.Սերոբ Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին