Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ
Դատախազը հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար:
Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական վարույթով պարզվել է, որ Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին նավով և մոտորանավակով կազմակերպվել է հերթական ստուգայց: Հերթափոխում ընդգրկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 17 աշխատակից, որոնց ուղեկցել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 8 պարեկները:
Գեղարքունիքի մարզի Նորատուսի և հարակից այլ բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ և ձկնորսներ, տեղեկանալով Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով նախաձեռնված շրջայցի, իրենց կողմից Սևանա լճում տեղադրված ձկնորսական ցանցերի դուրսբերման մասին, հավաքագրել են տարբեր առարկաններով զինված՝ հարյուրից ավելի անձանց: Վերոնշյալ անձինք նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում շրջապատել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավը և Ոստիկանության ջրային պարեկների նավակները՝ պահանջելով, որ չհեռացնեն ձկնորսական ցանցերն ու չխոչընդոտեն իրենց ձկնորսությանը:
Դատախազությունից հայտնում են՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և Ոստիկանության ջրային պարեկները հայտնել են, որ չմիջամտեն իրենց օրինական ծառայողական գործունեությանը:
Վերոնշյալ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, ստանալով մերժում, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած՝ ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվող աշխատակիցների և Ոստիկանության ջրային պարեկների ուղղությամբ:
Մասնակիցներից ոմանք մոտորանավակները մոտեցրել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավին կապված մոտորանավակին, հանել են թիերն ու այդ թիերով և առարկաներով վնասել մոտորանավակը՝ պոկելով դրա շարժիչն ու այլ մեխանիզմները. մասնակիցներից մեկը դանակով կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն:
Խուլիգանության մասնակիցներից մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, հարձակվել են ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա, ձեռքերով, ոտքերով, թիերով, փայտերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին: Արդյունքում՝ աշխատակիցներից 5-ին պատճառվել են առողջության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսում նորատուսցու վաճառած ձկները ոստիկանները տարել են
- Նորատուսցիները գյուղի կենտրոնում կրակներ են վառել
- Նորատուսի մոտ դիմակավորված ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին. ՔԿ-ն մանրամասներ ներկայացրել
- Նորատուսում ձկնորսներին բերման են ենթարկում ոստիկանություն