Աֆղանստանում կործանված ռուսական ինքնաթիռում եղած 6 անձանցից 4-ը ողջ են
Աֆղանստանում մասնավոր Falcon 10 ինքնաթիռի կործանումից փրկվածներից մեկը զանգահարել է հարազատներին. Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Ավիավթարից փրկվածներից մեկը բուժաշխատող Իգոր Սիվորոտկինն է։ Երիտասարդի հարազատները հայտնել են, որ նա ողջ է։ Ըստ Իգորի մոր՝ նա ինքն է զանգահարել վթարից հետո։
Կիրակի օրը՝ հունվարի 21-ին, հայտնի է դարձել, որ Մոսկվա թռչող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռներում։ Ինքնաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում՝ երկու ուղևոր։ Ինքնաթիռը Թաիլանդի Պատտայա քաղաքից Մոսկվա բժշկական տարհանման չվերթ էր իրականացնում։ Ուղևորների թվում եղել է ծանր վիճակում գտնվող ռուս կին, ով տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան ուղեկցել է ռուսաստանաբնակ ձեռնարկատեր ամուսինը, որը վճարել է տարհանման ծախսերը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռը հայտնաբերվել է։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունն ընդգծել է, որ, նախնական տվյալներով, ինքնաթիռում գտնվող չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ևս երկուսի մասին տեղեկությունը ճշտվում է։