Որպեսզի քաղաքապետարանի պռավալը չերևա, որոշել են եզրաքարերով բնաբաժակը տոմետներով փակել. Արթուր Չախոյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետա Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ գեղեցիկ չէ, որ քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունը Մաշտոցի պողոտայի հարակից մայթերի դատարկ բնաբաժակները ծածկել է տոմետներով՝ չհանելով բնաբաժակի եզրաքարերը։ Քաղաքապետը հանձնարարեց քանդել և հեռացնել եզրաքարերը և այդ հատվածը սալապատել այն տեսակի սալերով, որոնցով բարեկարգված է տվյալ մայթը։ Դատարկ բնաբաժակների հայտնվելու փաստը և շինբարեկարգման նույն աշխատանքը երկրորդ անգամ կատարելու արդյունավետությունը գնահատելու համար panorama.am-ը դիմեց շինարար Արթուր Չախոյանին։
«Շատ լավ է, որ Տիգրան Ավինյանը դա նկատել է, քանի որ իրականում այն տգեղ է՝ մայթի մեջ ուղղանկյուն բորդյուր և տոմետներով բնաբաժակը փակ։ Ողջունելի է այդ դիտողությունը, բայց մյուս կողմից էլ կառավարումը ճիշտ չի կազամակերպված, քանի որ, ինչպես Տիգրան Ավինյանը նշեց, ծառի կողքին՝ 1-2 մետր այն կողմ ծառ չի տնկվում, որովհետև նպատակահարմար չէ, վերևում արդեն ծառի սաղարթ է և այլն։
Կառավարման սխալն այն է, որ հենց անցած տարի, քաղաքապետարանն արդեն իսկ տնկել է ծառեր իրար կողքի գտնվող բնաբաժակներով, որոնց միջև հեռավորությունը մոտ 2-3 մետր է և մեկը մյուսին խանգարում են։
Ինչու են դատարկ բնաբաժակներ եղել, քանի որ, իմ կարծիքով, Մաշտոցի պողոտայում տնկել են չոր արևելյան սոսիներ, մոտ 10 հատ և 10-ից ավել բնաբաժակ են փակել, որոնք ազատ էին և կարելի էր այնտեղ ծառ տնկել։
Ըստ իս, Երևանի քաղաքապետարանն էլ չունի արևելյան սոսիներ, չորացածները բերել տնկել են, և որպեսզի բնաբաժակները դատարկ չմնան, պռավալը չերևա, որոշել են տոմետներով փակել։ Բայց որ եզրաքարերը հանեն, նոր փակեն, այդ դեպքում իհարկե գեղեցիկ կնայվի։
Այստեղ կառավարման խնդիր է, ի սկզբանե իրենք չեն գիտակցել, որ կարելի է եզրաքարերն հանել նոր տոմետներով փակել։ Երևի բազամթիվ բողոքներից հետո Տիգրան Ավինյանն է բարձրաձայնել։ Իսկ Արդյունավետության մասով, պարզ է, որ նույն աշխատանքը երկու անգամ են անելու՝ այսինքը պետք է քանդեն եզրաքարերը, նաև՝ նրանում եղած տոմետները և կրկին շարեն, ինչը կրկնակի աշխատանք է և, կրկնում եմ՝ սխալ կառավարման արդյունք»,- ասաց Արթուր Չախոյանը։