Մեկնարկում է Առաջավորաց պահքը
Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը, որը տևում է 5 օր: Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն: Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:
«Հայոց համար սահմանված առաջին պահքն է՝ կապված Հայոց Մեծ Դարձի իրադարձության հետ:
Այս պահքը հաստատել է Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը, երբ նրան դուրս բերեցին Խոր վիրապից:
Հնգօրյա պահեցողությունից հետո Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը շուրջ 70 օր քարոզեց և ուսուցանեց Հայոց Տրդատ Մեծ արքային, նրա ընտանիքին, իշխաններին, զորականներին, բազմաբյուր ժողովրդին:
Հրաշափառ և հաղթական այդ օրերի հիշատակն ու պատգամն է ամփոփում իր մեջ այս Պահքը:
Հրավեր եմ կարդում ձեզ ամենքիդ, սիրելի ընկերներ, որ դուք ձեր մտքում և հոգում ի մի բերեք Հայրենի մեր երկիրը, Հայոց պետությունն ու պետականությունը, Հայոց ազգը և Եկեղեցին Հայկական և մաքուր՝ սուրբ սրտով ու ջերմ հավատքով այս հինգ օրերի ընթացքում պահեցողությամբ և աղոթքներով դիմեք Ամենազոր Աստծուն և Նրա օգնությունը հայցեք:
Աստվածային զորությամբ և մեր միասնական ջանքերով է, որ փոթորկված այս աշխարհում կարողանալու ենք անխորտակ պահպանել մեր Հայ Տապանը:
Թող այս պահքի շրջանում մեզ հետ և մեզ համար անդադար բարեխոսեն մեր սուրբ նախնիք, ովքեր հիմքը դրեցին Քրիստոնյա Հայաստանի:
Այս փոքրիկ զոհողությամբ, վստահաբար, մեծ հաղթանակ ենք շահելու: Աստված մեզ ապավեն և պահապան»,- գրել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրել է.
«Քրիստոնյայի համար պահքն ապաշխարության, ինքնաանդրադարձի և ինքնաքննության շրջան է՝ մեղքերից հեռու մնալու և Տիրոջ հետ կապն ավելի ամուր դարձնելու համար։ Աստված ներում է իր մեղքերը գիտակցած ապաշխարողին, բայց նաև պատժում՝ չզղջացողին։ Քանի դեռ ապրում ենք, և այս մարմնի մեջ ենք, երբեք էլ ուշ չէ ապաշխարելու, մեր մեղքերը խոստովանելու և քահանայական ձեռնադրութուն և օծում ունեցող հոգևորականից թողություն ստանալու համար։ Մահից հետո այլևս ոչինչ չենք կարող անել, այլ միայն սպասել Աստծո ահեղ դատաստանին։
Առաջավորաց պահքը հավաքական պահեցողության օրինակ է, երբ բոլորս կարիք ունենք ապաշխարության, մեր պատմությունից դասեր քաղելու՝ մեզանից վանելով ատելությունն ու անմիաբանությունը։ Եվ միայն այդ դեպքում ազգովի ապաշխարությանը կհաջորդեն հաղթանակները բոլոր ասպարեզներում»։