Սա բարեփոխում չի, սա հերթական անլուրջ գործողությունն է. Մասնագետը՝ մոպեդներով շտապ օգնության ցուցաբերման մասին
«Զավեշտ է։ Իրատեսական չեմ համարում «բարեփոխումը»։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մոպեդներով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ արձագանքելով քաղաքապետարանում Ավինյանի հնչեցրած հայտարարությանը։
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ վերջինը տեղեկացրեց, որ համայնքը դիտարկում է «Շտապբուժօգնություն» ընկերության առկա 43 շարժակազմին նորերն ավելացնելու հնարավորությունը. նախատեսվում է առաջիկայում ծառայություն մատուցել նաև մոպեդներով։
Ա. Պողոսյանը նախ նկատեց, որ շտապ օգնության ծառայության հետ կապված այսօր բազմաթիվ բողոքներ կան։
«Սկզբից շտապ օգնության ծառայությունում սկսեցին «բարեփոխումներ» իրականացնել դիակների տեղափոխման հետ կապված։ Ես խնդրին անդրադարձել եմ մի քանի ամիս առաջ՝ այն անվանելով «դիակ ծախելու արվեստը», քանի որ մարդու մարմինը տեղափոխելու համար մահացածի հարազատից կամ դիահերձարանից գումար էին ուզում։ Հիմա այդ պրակտիկան կիրառում են հիվանդների տեղափոխման հարցում։ Այսօր արդեն «բարեփոխում» են որակում մոպեդներով սպասարկումը»,-ասաց Ա. Պողոսյանը։
Նրա խոսքով, այստեղ բազմաթիվ անհասկանալի հանգամանքներ կան, հարցեր, որոնց պատասխանները չհնչեցին։
«Ինչպե՞ս է կատարվելու կանչերի տեսակավորումը, ինչպե՞ս են մոպեդները հասնելու հիվանդի գտնվելու վայրը համապատասխան սարքավորումներով և դեղորայքով, քանի որ բուժօգնություն տրամադրելուց առաջ պետք է նախ իրականացվի ախտորոշում։ Շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն, դրանցից մեկն էլ այն է, թե ինչպե՞ս է մոպեդներում պահպանվելու դեղորայքը, ինչպե՞ս են սարքավորումները տեղափոխվելու։ Վերջ ի վերջո կա նաև մասնագետների խնդիր, հանրապետությունում առկա է միջին բուժանձնակազմի պակաս։ Ովքե՞ր են լինելու մոպեդների ղեկին նստած, որոնք ցուցաբերելու են առաջին բուժօգնություն։ Սա ինձ համար անհասկանալի է և վերջ ի վեջո անլուրջ է։ Հերիք է մենք անլրջացնենք այն ծառայությունները, որոնք տարիների ներդրում ունեն։ Մենք սկսում ենք բնակչության աչքին անլրջացնել սպիտակ խալաթը»,-ասաց մասնագետը։
Նա հիշեցրեց, միջազգային պրակտիկայում կա մոտեցում, երբ առաջին բուժօգնության ցուցաբերման համար նախատեսված փոքր մեքենաները պտտվում են քաղաքում, կանչի դեպքում արագ ժամանում են դեպքի վայր, իրավիճակը գնահատում կատարում, մինչև շտապ օգնության ծառայությունը ժամանում է։
«Բայց դրանք մոպեդներ չեն, փոքր մեքենաներ են, որտեղ հնարավոր և դեղորայքի, և բժշկական սարաքավորմների պահպանումը։ Մենք գիտենք, որ շտապ օգնության ծառայության մեքենաներն ունեն որոշակի հագեցվածություն։ Եթե մենք այդքան էժանացնում ու պրիմիտվացնում ենք շտապ օգնությունը, ապա գրեթե բոլոր մեքենաներում կա առաջին բուժօգնության տուփ, և ցանկացած մարդ կարող է օգնություն ցուցաբերել դրա կարիքն ունեցողին, մինչև շտապ օգնության ծառայությունը ժամանի։ Սա բարեփոխում չի, սա հերթական անլուրջ, ցուցադրական գործողություն է, որն անհասկանալի է, թե ինչով կավարտվի»,-ընդգծեց մասնագետը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան