Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 13-րդ նիստին
ՀՀ Մարդու իրավունքների գրասենյակից հայտնում են.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն -Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին։
ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան:
Քննարկվել են գենդերային հավասարությանը, խտրականության բացառմանը, հավաքների ազատությանը, խոսքի և տեղեկատվության ազատությանը, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
Նիստի շրջանակներում հատուկ ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունման կարևորությունը:
Քննարկվել է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:
ՀՀ պատվիրակությունը ԵՄ գործընկերներին ներկայացրել է վերոնշյալ հարցերի առնչությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու ընթացիկ աշխատանքները: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ոլորտների կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերը` հատուկ ընդգծելով նաև այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ բնագավառներում իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման և ամրապնդման նպատակով։
Հատուկ անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակմանը, դրան հաջորդած բռնի տեղահանման հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքների տեսանկյունից առաջացած խնդիրներին։
Քննարկվել են ավելի քան 100 հազար փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում»:
Հարակից հրապարակումներ`
- Միյատովիչն անդրադարձել է ՀՀ ՄԻՊ-ի զեկույցում նկարագրված խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին
- ՀՀ ՄԻՊ-ը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում ծանոթացել է ծերերի իրավունքներին վերաբերելի հարցերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան