Ուր գնալ և ինչ անել ձմռանը Երևանում. ռուսական պորտալի ռեպորտաժը
Հայաստանը շարունակում է հյուրեր ընդունել Ռուսաստանից, իսկ Երևանը դարձել է հարյուր հազարավոր մարդկանց տուն, ովքեր տեղափոխվել են 2022 թվականի մարտից հետո։ Այս մասին գրում է 74.ru պորտալը։
«Արժե Երևան գալ միայն խանութների դարակների առատությունն ու մատչելի գները հիշելու համար։ Ձվի տուփերով դարակները զարմացնում են ընտրությամբ և մարդասիրական գներով, հավի միսը` տարբեր արտադրողների ֆիլեից մինչև թևիկներ, երշիկեղենի ընտրությունը գլխապտույտ է առաջացնում, իսկ մրգերի և բանջարեղենի բաժիններն ընդհանուր առմամբ սպասելի են։ Սովորական զեֆիրից մինչև «Красный мак» կոնֆետների կողքին դրված է չուրչխելա և մեզնից հեռացած բրենդային քաղցրավենիք, մոտակայքում Կոկա-Կոլայի սառնարանները, ալկոհոլի բաժնում հայկական կոնյակը «խաղաղ կանգնած» է ֆրանսիական և անգլիական ալկոհոլային խմիչքների կողքին»,- նշվում է նյութում։
Երևան տեղափոխված ռուսներին հետաքրքրում է նաև հագուստի խանութները։ Նշվում է, որ հագուստը բավականին մատչելի է ի տարբերություն Թուրքիայի, որտեղ հագուստը վերջին տարվա ընթացքում բավականին թանկացել է։
«Բայց սա չէ հիմնական պատճառը, թե ինչու պետք է գնալ Երևան։ Հենց քաղաքը, որը 2805 տարվա պատմություն ունի, գեղեցիկ է և՛ իր հնագույն մասով, և՛ ժամանակակից։ Վարդագույն տուֆի քաղաքը, ինչպես հաճախ անվանում են Հայաստանի մայրաքաղաքը, գեղեցիկ է և՛ առավոտյան, և՛ մայրամուտին, բլուրներից երևում է երկրի խորհրդանիշը՝ Արարատ լեռը»,- նշվում է նյութում։
Ռեպորտաժում ասվում է նաև, որ հայկական խոհանոցը մի բան է, առանց որի անհնար է պատկերացնել ճանապարհորդությունը դեպի Երևան։ Սա ուղղակի դրախտ է գաստրոտուրիստի համար։