Վահե Տեր-Մինասյան. Առողջապահական ծրագիր, որի վրա ծախսվել են միլիոնավոր դոլարներ և ունեցել ենք 0 արդյունք
Հայտնի ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Վահե Տեր-Մինասյանը, անդրադառնալով արգանդի պարանողի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման արշավին, գրում է.
«Չկենացների շարքից, կամ կներեք, որ իրերն անվանում եմ իրենց անունով…
2024 թ. հունվարը հայտարարվել է արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման ամիս։ Ու քանի որ Հայաստանում ամեն տարի հարյուրավոր կանայք հիվանդանում, հաշմանդամ են դառնում, կամ մահանում այս հիվանդությունից փորձեմ մի փոքր «իրազեկել»։
Այս հիվանդությունն իրականում կարող է ընդհանրապես չլինել։ Սա ապացուցված է և բացարձակ իրատեսական։ Ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկել է բոլոր երկրներին այս հիվանդության վերացման ճանապարհային քարտեզ։ Վստահաբար մի շարք երկրներ կհասնեն այս բաղձալի արդյունքին՝ ամեն ինչ ճիշտ կազմակերպելու արդյունքում։
Իսկ Հայաստանում… Հայաստանում 2015-2021 թվականներին իրականցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագիր։ Ու քանի որ ուսումնասիրել եմ ինչպես միջազգային փորձը այնպես էլ մեր ծրագրի արդյունքները (ի դեպ 7 տարվա ծրագրի արդյունավետությունը ոչ մեկին չէր հետաքրքրում) վստահաբար կարող եմ ասել, որ սա եվրոպական տարածաշրջանում երբևէ իրականացված ամենավատ, ամենաանիմաստ ու անարդյունք ծրագիրն էր…
Ծրագիր, որի վրա ծախսվել են միլիոնավոր դոլարներ և ունեցել ենք 0 արդյունք։
Այսօր Հայաստանը եվրոպայի բացառիկ երկրներից է, որտեղ չկա արգանդի պարանոցի սքրինինգային ծրագիր։
Տխուր է, բայց փաստ։
Եվ այո, պիտի համաձայնեմ գործընկերներիցս մեկի պնդման հետ, որ քանի դեռ պատասխանատվություն չեն կրել ծրագրեր ձախողողները՝ հաջողություն չենք գրանցելու։
Հ.Գ.
Խնդրով զբաղվում եմ արդեն մի քանի տարի ու իմ հնարավորությունների սահամանում անելու եմ ամեն բան, որ այս դաժան հիվանդությունը Հայաստանում վերանա, որ մեր հարյուրավոր կանայք ամեն տարի չդառնան հաշմանդամ կամ մահանան…
Հ.Գ.2
Հետևում եմ այս թեմայի շուրջ լրահոսին ու զարմանում՝ կենացներ, կենացներ, կենացներ…
Կներեք, որ չեմ կարող Ձեզ միանալ»։