2023 թ.-ին արձանագրվել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 135 դեպք. Աշոտ Մելիքյան
«2023 թ.-ին լրագրողներն ու օպերատորները ենթարկվել են ֆիզիկական բռնությունների, եղել են նաև այլ ճնշումների դրսևորումներ՝ սպառնալիքներ, ատելության արտահայտում, անհարգալից վերաբերմունք»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով «Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2023 թ.» զեկույցը։
Մելիքյանը նշեց, որ նկատվել է նաև տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների աճի միտում։
«Վատն այն է, որ իշխանությունների կողմից օրենսդրական նախաձեռնություններ էին լինում, որոնք կարծես թե իրավական հիմքեր էին ստեղծում էլ ավելի հաճախ մերժելու պաշտոնական տեղեկատվությունը»,-ասաց բանախոսը։
Ըստ ներկայացված վիճակագրական տվյալների՝ նախորդ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներին գրանցվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3-ական դեպքեր, ինչը 2.5 անգամ պակասել է 2022թ. տարվա ցուցանիշներից։
«2023 թ-ին լրագրողների նկատմամբ այլ ճնշումների արձանագրված քանակը 60-ն է, տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները 135-ն են»,-տեղկացրեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշներն ավելացել են։
Նա հայտնեց, որ 2022 թվականի համեմատ 2023 թվականին ավելացել են ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հարուցված դատական հայցերը։
«Եթե 2022 թ-ին եղել է 32 նոր գործ, ապա 2023 թվականին եղել է 36 գործ և դատական հայցերը հիմնականում վիրավորանքի և զրպարտության հիմքով են»,-ասաց Աշոտ Մելիքյանը և տեղեկացրեց, որ և՛ 2022թ, և՛ 2023 թվականին 2-ական գործ է եղել այլ վեճերի վերաբերյալ, վերջին տարում դրանք վերաբերել են հեղինակային իրավունքին։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը անդրադարձավ «Ռազմական դրության կիրառման ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի ընդունման փորձին, որն արժանացել է լրագրողական հանրույթի կոշտ քննադատությանը և այն հանվել է քննարկումից, սակայն չի հաջողվել կանխել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի ընդումնումը, որտեղ նույնպես խոսքի ազատության սահմանափակումներ կան։
Անդրադառնալով ԱԺ-ի ներքին աշխատանքային ռեժիմին՝ Աշոտ Մելիքյանն ասաց, որ լրագրողների համար սահմանված սահմանափակումներն անհիմն են։
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ.՝ մահաբեր տարի լրագրողների համար. ՅՈՒՆԵՍԿՕ
- Ավինյան. Քաղաքապետարանը լրագրողների ու այլ պաշտոնյաների հանդիպման վայր չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան