Թուրքմենստանն Ադրբեջանին կապող գազի խողովակաշար գոյություն չունի.Արմեն Մանվելյան
Թուրքմենստանն ու Ադրբեջանը չեն կարողացել պայմանավորվել 2024 թվականին Իրանի մասնակցությամբ սվոպ գազի մատակարարումների շարունակման շուրջ։ Կողմերը չեն պայմանավորվել գնի շուրջ: Այդ մասին գրել էր turkmen.news-ը։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ հազար խորանարդ մետրի համար 135-140 դոլար արժեքը Թուրքմենստանին ծիծաղելի է թվում։ Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ մատակարարումները դադարեցվել են որոշակի «խնդրի» պատճառով, որի լուծումը Ադրբեջանը քննարկում է Թուրքմենստանի հետ։
Panorama.am-ը տեղեկատվությունը ճշտելու համար դիմեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին։
«Թուրքմենստանը Ադրբեջան գազ չի մատակարարում։ Թուրքմենական գազն ադրբեջանով չի գնացել, ոչ մի երկիր, տեխնիկապես էլ կապված չէ Ադրբեջանի հետ։ Թուրքմեններն այդպիսի խնդիր ունեին Իրանի հետ, դատական գործընթաց էր գնում, դատի էին տվել Իրանին։ Թուրքմենստանը Իրանի հետ պայմանագիր ուներ 5 մլրդ մ³ գազի գնման։ Ձմեռային շրջանում Իրանը Թուրքմենստանից շատ էր գազ վերցրել և վերջիննրես պահանջել էին, որ այդ շատի համար վճարի ոչ թե պայմանագրային գներով, այլ միջազգային գներով և դատական պրոցես կար Թուրքմենստանի և ԻԻՀ-ի միջև։
Բայց Ադրբեջանի հետ նման բան հնարավոր չէ։ Թուրքմենստանը Ադրբեջանին կապող խողովակաշար գոյություն չունի։ Հնարավոր է լինի սվոփ ծրագիր՝ թուրքմենները գազ բաց թողնեն Ադրբեջանի անունից, բայց նման ծրագրից ես տեղյակ չեմ։ Թուրքմենստանը տեխնիկապես կարող է Իրանին գազ տալ, իսկ վերջինս դրա դիմաց Ադրբեջանին գազ տա, նման գազի փոխանակման սվոփ ծրագիր հնարավոր է գործի, բայց եթե այդ ծրագիրը լինի էլ այն չի կարող մեծ ծավալներ ունենա։ Խոսքը փոքր ծրագրերի մասին է, քանի որ Թուրքմենստանում շատ ուժեղ են չինական ընկերությունները, գազի ոլորտում հիմնական ներդրողներն են, նրանք շատ խիստ վերահսկում են։
Ամբողջ թուրքմենական գազը գնում է Չինաստան, մասամբ էլ դեպի Իրան։
Ռուսները վաղուց թուրքմենական գազ չեն գնում, և նրանց հիմնական գործընկերը Չինաստանն է, այլընտրանք չունեն։ Տարածաշրջանի մյուս երկրներն իրենց գազն ունեն, թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը։ Ուղղակի, քանի որ Իրանի տարածքը մեծ է, նախընտրում են թուրքմեններից գազ վերցնել, քան հարավից իր գազը հասցնի հյուսիս-արևելյան շրջաններ։ Իսկ թուրքմենստանից Չինաստան արդեն երկու խողովակաշար է գործում և երրորդն են արդեն կառուցում»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որպեսզի Հայաստանը դառնա «խաղաղության խաչմերուկ», պետք է Չինաստանից մինչև Պորտուգալիա խաղաղ լինի. Արմեն Մինասյան
- Թուրքմենստանը դադարեցրել է գազի մատակարարումն Ադրբեջան
- Էներգետիկ անվտանգության առումով բավական մեծ խոստումների և ձախողված իրողությունների տարի է. Արմեն Մանվելյան