«Հրապարակ». Արթուր Հարությունյանի միջոցով իշխանությունները կարողացել են նաև որոշակի քաղաքական գործընթացներ կանխել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից, պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, վաղուց է ցանկացել ազատվել պաշտոնից: Նա նշանակվել էր Շահրամանյանի՝ նախագահ դառնալու շրջանում՝ անցած սեպտեմբերին։ Հարությունյանը մտադիր էր տեղափոխվել արտերկիր, մասնավորապես՝ Գերմանիա, ասում են՝ ընտանիքի Հայաստան տեղափոխվելուց հետո արդեն իսկ մեկնել է, սակայն նրա պաշտոնանկությունը ձգվել է ՀՀ իշխանությունների խնդրանքով: Ասում են՝ Արթուր Հարությունյանի միջոցով իշխանությունները կարողացել են նաև որոշակի քաղաքական գործընթացներ կանխել:
Բանն այն է, որ նա միակն է, որն ի պաշտոնե շփվում էր ՀՀ իշխանությունների, մասնավորապես, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և համակարգում էր արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը: Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները նաև որոշակի մեսիջներ էին նրա միջոցով փոխանցում արցախյան քաղաքական դաշտին՝ ըմբոստ ու հայրենազուրկ զանգվածին պահելով կառավարելի տիրույթում։ Իսկ նոր պետնախարար Արամ Սարգսյանը քաղաքաշինության նախարար էր դեռ Ռուբեն Վարդանյանի պետնախարարության շրջանում, սակայն ազատվել է, երբ Գուրգեն Ներսիսյանն է դարձել պետնախարար։ Ասում են՝ Արթուր Հարությունյանը նաև փորձում էր ազգականի` Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնել՝ ներազդելով խորհրդարանական ամենամեծ խմբակցության վրա: Սակայն հասկանալով, որ դա հնարավոր չէ, դիմում է գրել: Կան տեղեկություններ, որ ԱՀ խորհրդարանն առաջիկայում քննիչ հանձնաժողով է ձևավորելու, որ ուսումնասիրեն Արցախբանկում պետության ունեցած մասնաբաժնի և այլ ֆինանսական հարցեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։