Գագիկ Ծառուկյան. Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանն ամփոփել է վերջին ամիսներին իր հանդիպումների արդյունքները։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Վերջին ամիսներին իմ հրապարակային հանդիպումների ու տարբեր մասնագիտական խմբերի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորվել են հետևյալ գաղափարները։ Վստահ եմ, որ դրանք կարող են լինել մեր երկրի վերականգնման հիմքում.
1. Ներքին հաշտեցում. եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։ Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պետք է գնանք այդ ճանապարհով։
2. Արցախի հայությունը պետք է հնարավորություն ունենա Արցախում՝ սեփական հողում, խաղաղ ու անվտանգ ապրելու։ Սա մեր ազգային խնդիրն է։ Մինչև դրան հասնելը մենք պետք է անենք ամեն ինչ Արցախի մեր քույրերի և եղբայրների արժանապատիվ կյանքն այստեղ ապահովելու համար։
3. Հայ առաքելական եկեղեցին ունի չափազանց կարևոր առաքելություն՝ վերականգնելու մեր ազգային միասնականությունը, հաշտությունը և վերելքի ճանապարհը։ Մենք պե՛տք է կանգնենք եկեղեցու կողքին։
4. Հայկական աշխարհի վերականգնումը կարևորագույն խնդիր է. չկա առաջվա հպարտությունը՝ նրանով, որ հայ ես, չկա առաջվա հարգանքը, ու չկա նաև այն միասնականությունը, որ ասում էինք՝ Հայաստան-Սփյուռք։ Մենք շատ բաներ հիմա զրոյից պետք է կառուցենք։
5. Չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, ով կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։ Ու դրա համար Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ։
6. Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Մենք կարող ենք դառնալ կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մի զգալի մաս ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մաս՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունենք։
7. Այո՛, մենք ունենք հարցեր Ռուսաստանին, այո՛, մենք սպասում ենք պատասխանների, բայց մենք մեր մեջ պետք է մի հարց պարզենք. մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ, թե՞ ուզում ենք բարելավել հարաբերությունները, վերականգնել դրանք։ Եթե մենք ունենք այնքան խելք ու հասունություն, որ ուզում ենք բարելավել հարաբերությունները, ապա պետք է պարզ խոսենք առկա խնդիրների մասին, պարզ ասենք ռուսներին մեր հարցերը և մեր ակնկալիքները, կազմենք ճիշտ օրակարգ և Մոսկվայի հետ սկսենք աշխատել։ Դրանից շահելու ենք թե´ մենք , թե´ Ռուսաստանը։
8. Քանի դեռ Բաքվի բանտերում կա գոնե մեկ հայ՝ մենք պետք է աշխատենք նրանց ազատման ուղղությամբ։ Մենք պարտավոր ենք այդ հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առաջ։ Դա ազգային արժանապատվության խնդիր է։
9. Մենք պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը։ Մեր երկրին ապագա՛ է պետք։ Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ ապագայում։ Լուծումներն էլ հինը չեն կարող լինել։
10. Մենք ահռելի հարուստ ռեսուրսներով ազգ ենք։ Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է մտածենք՝ ուզում ենք, որ Ռուսաստանը մեր թշնամի՞ն լինի, թե՞ դաշնակիցը. Գագիկ Ծառուկյան
- Եթե հաշտության համար անհրաժեշտ լինի, որ կուսակցությունները վերանան, ուրեմը պետք է վերանան. Գագիկ Ծառուկյան
- Հիմա մի դժվար, անցումային փուլում ենք, որը պետք է արժանապատիվ անցնենք․ Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ
- Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի խոշոր շահերի բախման կենտրոնում. Գագիկ Ծառուկյան
- Գագիկ Ծառուկյան. Ով անտարբեր է, նա հայ չի, մարդ չի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան