«Օսկար 2024» մրցանակի հավակնորդների ցուցակում հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընդգրկվել
Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընգրկվել: Այս անվանակարգում «Օսկարի»-ի համար կպայքարեն Իտալիայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ներկայացված ֆիլմերը:
Հիշեցնենք, որ այս անվանակարգի կարճ ցուցակում ընդգրկված 15 ֆիլմերից էր նաև Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը։
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում ընդգրկվել է 1980-ականներին Ադրբեջանում հետապնդումների ենթարկված հայի մասին պատմող «Վերանորոգման վերջին արհեստանոցը» (The Last Repair Shop) ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրուդֆութը և Քրիս Բաուերսը: Այս անվանակարգում ևս 4 ֆիլմ կպայքարի «Օսկար» մրցանակի համար։
«Արմենպրես»-ը գրում է, որ ինչպես և սպասվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆանտաստիկ ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) ամառային բլոկբաստերը՝ ութ անվանակարգ։
«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Ամերիկյան ֆիքշն» (American Fiction), «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), «Բարբի» (Barbie), «Լքվածները» (The Holdovers), «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon),«Մաեստրո» (Maestro), «Օպենհայմեր» (Oppenheimer), «Անցյալի կյանքեր» (Past Lives), «Խեղճուկրակները» (Poor Things), «Հետաքրքրության գոտի» (The Zone of Interest) ֆիլմերը։
«Լավագույն դերասան» անվանակարգում են Բրեդլի Կուպերը («Մաեստրո», Maestro), Քոլման Դոմինգոն («Ռաստին», Rustin), Փոլ Ջիամատտին («Լքվածները», The Holdovers), Կիլիան Մերֆին («Օպենհայմեր», Oppenheimer), Ջեֆրի Ռայթը («Ամերիկյան ֆիքշն», American Fiction):
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Անետ Բենինգը («Նայեդ», Nyad), Լիլի Գլադստոնը («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Սանդրա Հյուլերը («Անկման անատոմիա», Anatomy of a Fall), Քերի Մալիգանը («Մաեստրո», Maestro), Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things):
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում ընդգրկվել է Ջոնաթան Գլեյզերը («Հետաքրքրության գոտի», The Zone of Interest), Յորգոս Լանտիմոսը («Խեղճուկրակները», Poor Things), Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր», Oppenheimer), Մարտին Սկորսեզեն («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Ժուսթին Տրիեն («Անկման անատոմիա», Anatomy of a Fall)։
«Օսկար» մրցանակի հավակնորդների ամբողջական ցանկը՝ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
«Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով:
Հարակից հրապարակումներ`
- Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
- Միքայել Ոսկանյանը փակագծեր է բացել Օսկարի ընտրացանկում հայտնված հայկական ֆիլմի մասին
- Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներից մազապուրծ հայի մասին վավերագրական ֆիլմը հայտնվել է «Օսկարի» կարճ ցուցակում
- Առաջին անգամ հայկական կինոն` «Օսկարի» կարճ ցուցակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան