«Հրապարակ». Նոր Սահմանադրություն ունենալու նպատակը մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը ջնջելն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որքան էլ ՔՊ-ականները հերքեն, թե նոր Սահմանադրություն ունենալու պահանջ-հրահանգն Ալիևից չեն ստացել, սակայն դիվանագիտական ոլորտի մեր աղբյուրներն ասում են, որ խաղաղության պայմանագրի նախագծում Ալիևն այդ պահանջը գրավոր եղանակով ամրագրել է: Գրել է, որ պետք է Հայաստանի ներքին օրենսդրությունը համապատասխանեցվի այնպես, որ պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենան։
Նշենք, որ նոր Սահմանադրությունն ընդունվելու է համաժողովրդական հանրաքվեով, և հօգուտ նոր Սահմանադրության պետք է քվեարկի «հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը», այսինքն` այնքան, որքան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախորդ ընտրություններին ձայն են ստացել: Իսկ ՔՊ-ն 688 հազար ձայն էր ստացել:
Այսինքն՝ նոր Սահմանադրությանն առնվազն 647 հազար մարդ պետք է կողմ քվեարկի: Հարցի լուծումը կարող է լինել ընտրողների ռեգիստրի «մաքրումը», ինչը և քննարկվում է իշխանության կողմից։ Նշենք, որ նոր Սահմանադրություն ունենալու և ոչ թե եղածը փոփոխելու նպատակը մայր օրենքի նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումը ջնջելն է: Բանն այն է, որ փոփոխությամբ նախաբանը խմբագրելի չէ, իսկ նոր Սահմանադրություն ընդունելու դեպքում կարելի է ուղղակի նոր նախաբան գրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։